Թուրքիան մինչև 2010 թվականի ապրիլը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. ՀՅԴ

20.01.2010, 16:30
Թուրքիան մինչև 2010 թվականի ապրիլը չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. ՀՅԴ

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը (1915 թվականի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր), կարծում է  ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

«Թուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը, օգտագործելով դրա համար բոլոր հնարավորությունները, մասնավորապես կմեղադրի Հայաստանին իր պայմանավորվածություններից և պարտավորություններից խուսափելու մեջ։ Այդ մասին է վկայում հունվարի 18-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Մանոյանը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական Դատարանի որոշումը պարունակում է արձանագրությունների տառին և ոգուն չհամապատասխանող նախապայմաններ և սահմանափակող դրույթներ։  

Մանոյանի խոսքով, թուրքական ղեկավարությունը «ձիու քայլ» կատարեց՝ սպասելով հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից ընդունած որոշման անգլերեն լեզվով թարգմանությանը։

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները պետք է սպասեն նոր զարգացումների, մասնավորապես, շուտով Թուրքիայի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ Հայաստանի նախագահին կարող են զանգահարել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կամ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Հայաստանի և Թուրքիայի՝ մինչև վերջին ժամանակները բավականին լարված հարաբերությունները սկսեցին կարգավորվել, երբ երկու երկրի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները:

ՍԴ-ի որոշումը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Միաժամանակ ՍԴ անդամները փաստել են, որ այդ արձանագրություններում ամրագրված մյուս բոլոր պարտավորությունները միջազգային իրավական ուժ կարող են ունենալ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջեւ փաստացի սահմանի բաց լինելու եւ կոնկրետ դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում, որը ենթադրում է անհրաժեշտ նախադրյալների ապահովում կողմերի ստանձնած պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

ՍԴ-ն իր որոշման մեջ սահմանել է, որ նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որեւէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրությունները ստորագրած կողմերի փոխհարաբերություններին:-0-