ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ոստիկաններ` ոստիկանության ավագ Գառնիկ Թ.-ն և ոստիկանության կրտսեր սերժանտ Վաչիկ Գ.-ն երկուշաբթի Մալաթիայի գյուղմթերքների շուկայում դանակի հարվածներ են ստացել խմած կարգազանցին կարգի հրավիրելիս, հայտնում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ նկատելով քաղաքացիների հետ անհիմն վիճաբանող և ոգելից խմիչքի ակնհայտ ազդեցության տակ գտնվող տղամարդուն` նրանք փորձել են կարգի հրավիրել նրան ու կանխել հակահասարակական գործողությունները:
Սակայն 71-ամյա կարգազանցը ծալովի դանակով հարվածել և կրծքավանդակի ու ձեռքի մասում կտրած-ծակած վնասվածքներ է պատճառել ոստիկանության ծառայողներին:
Ալբերտ Հովսեփյանը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ոստիկանության ծառայողները տեղափոխվել են «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է նախաքննություն:-0-