ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է «Խաչի ճանապարհը» միջոցառումը

19.01.2010, 10:42
ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է «Խաչի ճանապարհը» միջոցառումը
ՀՀ ՊՆ-ում մեկնարկել է «Խաչի ճանապարհը» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հունվարի 17-ին «Խաչի ճանապարհ» խորագրով միջոցառումը մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, Սուրբ ծննդյան օրը Մայր աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցած Ջրօրհնեքի արարողության խաչի այս տարվա կնքահայրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էր: Եվ ինչպես ուխտել էր պաշտպանության նախարարը, բացի իր փոքրիկ օջախից, խաչը պետք է գտնվեր նաև իր «մեծ տանը»` ազգային բանակում:

«ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը Ջրօրհնյաց խաչը հասցրել է Հայաստանի Հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մարտական հենակետում հայոց բանակի և սահմանապահ զինվորի համար խաչի զորությամբ աղոթք է հղվել առ Աստված: Բանակի հոգևոր առաջնորդի հավաստմամբ` խաչը կլինի նաև սահմանամերձ այլ զորամասերում, ինչից հետո կտեղափոխվի Մայր աթոռ:

Հենակետում, որտեղ պետական սահմանի տվյալ հատվածի անվտանգությունն են ապահովել պայմանագրային զինծառայողները, Սեյրան Օհանյանը զրուցել է նրանց հետ, հետաքրքրվել է մարտական հերթապահության կազմակերպմամբ, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, ինչպես նաև ծանոթացել է մատուցվող սննդի որակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին: Մարտական հենակետում պաշտպանության նախարարը հանձնել է նաև խրախուսական նվերներ:-0-