Հայ քաղաքագետը չի բացառում Ղարաբաղյան հակամարտության նոր հռչակագրի ընդունման հնարավորությունը

18.01.2010, 18:39
Հայ քաղաքագետը չի բացառում Ղարաբաղյան հակամարտության նոր հռչակագրի ընդունման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում 2010 թ.-ի հունվարին կամ փետրվարին Ղարաբաղյան հակամարտության նոր հռչակագրի ընդունման հնարավորությունը:

«Ես չէի բացառի հունվարին կամ փետրվարին Մայնդորֆի հռչակագրին նման հռչակագրի ընդունման հնարավորությունը»,- նշեց Իսկանդարյանը երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված «Հայ-ռուսական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի արդյունքները» Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում։

2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր: Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Ինչպես կարծում է Իսկանդարյանը, նման հռչակագիրը, որտեղ կխոսվի բանակցային գործընթացի առաջընթացի մասին, թույլ կտա հանգստացնել որոշ ուժերի Թուրքիայում, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ: Հայ քաղաքագետը նշեց, որ Մայնդորֆյան հռչակագիրը անշեղորեն կատարելու համար նախատեսված փաստաթուղթ չէր, սակայն «գործիքային» դեր է կատարել:  

Իսկանդարյանն ասաց, որ հայ-թուրքական հարաբերությունների հիմնական խնդիրները գտնվում են ոչ թե Երևանում, այլ Անկարայում:

Ըստ նրա, Հայաստանում հարաբերությունների կարգավորման գործընթացին հակազդելը որոշակի քանակությամբ մտավորականների, լրագրողների, հասարակական կարծիքի առաջնորդների և բնակչության որոշակի հատվածի հակազդեցություն է, քաղաքական դիմադրությունը բավարար չէ, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը թույլ չտրվի:

«Քաղաքական ուժերի հարաբերակցությունը հայկական խորհրդարանում շատ հնարավոր, եթե ոչ 100 տոկոսանոց են դարձնում արձանագրությունների վավերացումը»,- կարծում է քաղաքագետը:   

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Իսկանդարյանը հիշեցրեց, որ Թուրքիայում իրավիճակն այլ է, և բացի մի խումբ մտավորականներից Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանը դեմ են բնակչության լայն զանգվածներ, պետական վերնախավը, իշխող կուսակցությունը, ռազմական վերնախավը, ԱԳՆ-ն, նախագահական աշխատակազմը, ազգայնական ուժերը:

Ըստ նրա, ազգայնականները Թուրքիայում օգտվում են այս վիճակից 2011 թ.-ի ընտրություններից առաջ բնակչության աջակցությունը վաստակելու համար, պնդում են, որ Թուրքիայի կառավարությունը դավաճանում է եղբայրական Ադրբեջանի ժողովրդի շահերը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-