Հայ պատգամավորը զգալի առաջընթաց չի սպասում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից

18.01.2010, 17:11
Հայ պատգամավորը զգալի առաջընթաց չի սպասում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից

Մոտ օրերս Մոսկվայում ծրագրված՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ զգալի առաջընթաց չի գրանցվի, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ խմբակցությամբ անդամ Գագիկ Մինասյանը:

«Շաբաթվա վերջում հավանական է, որ տեղի ունենա նախագահների հանդիպումը Մոսկվայում: Չեմ կարծում, որ այդ հանդիպման ընթացքում որևէ հռչակագիր ի հայտ գա, որը զգալիորեն տարբերվի խնդրի հանդեպ կողմերի նախկին մոտեցումներից»,- հայտարարեց նա:

Մինասյանը հավելեց, որ նման հոռետեսության գլխավոր պատճառը Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշումն է բանակցային գործընթացում: Նա ընդգծեց նաև, որ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցի նպատակին, Մինասյանը նշեց, որ իր կարծիքով, երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերից զատ հանդիպումների ընթացքում առաջին հերթին կքննարկվեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը:    

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: