1990 թ. հայկական ջարդերի ժամանակ սպանվածների թիվը դեռևս անհայտ է մնում. գերմանացի իրավապաշտպան

18.01.2010, 12:18
1990 թ. հայկական ջարդերի ժամանակ սպանվածների թիվը դեռևս անհայտ է մնում. գերմանացի իրավապաշտպան
1990 թ. հայկական ջարդերի ժամանակ սպանվածների թիվը դեռևս անհայտ է մնում. գերմանացի իրավապաշտպան

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի-Արմենիա/.1990 թ. հայկական ջարդերի ժամանակ սպանվածների թիվը դեռևս անհայտ է մնում, լրագրողներին ասել է գերմանուհի  իրավապաշտպան, Բեռլինի Ազատ համալսարանի գիտաշխատող Թեսա Հոֆմանը (Tessa Hofmann):

«Այն օրերին սպանվածների թիվն այդպես էլ անհայտ մնաց: Որևէ հետաքննություն չանցկացվեց: Բազմաթիվ ապացույցներ կան հատուկ դաժանությամբ կատարված սպանությունների մասին, օրինակ՝ մարդկանց կենդանի այրում էին: Հարկ է նշել, որ այն ադրբեջանցիները կամ այլազգիները, որոնք փորձում էին օգնել հայերին, իրենց էին վտանգի ենթարկում», - ասել է Հոֆմանը:

Նրա խոսքերով՝ 1997 թ.-ին Բաքվի իրադարձություններն իրենց արտացոլումը գտան Հայաստանի պատվիրակության զեկույցում, որը 1997 թ.ի հուլիսի 17-25-ը ներկայացվել է Միացյալ ազգերի կազմակերպության Կանանց դեմ խտրականության վերացման կոմիտեի 17-րդ նստաշրջանի ժամանակ, որում ասվում է. «1990 թ.-ի հունվարին 5 օրվա ընթացքում Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սպանում, տանջում, կողոպտում և նվաստացնում էին հայկական համայնքի ներկայացուցիչներին: Հղի կանայք և երեխաները ենթարկվում էին սեռական ոտնձգությունների, մանկահասակ աղջիկներին բռնաբարում էին ծնողների ներկայությամբ, նրանց մեջքի վրա խարանում էին քրստոնեական խաչ, մարդկանց հետապնդում էին միայն նրանց քրստոնեական հավատի համար»:

Գերմանացի իրավապաշտպանն ասել է, որ այդ հունվարյան օրերին հայկական բնակչության նկատմամբ կազմակերպված բռնության ակտեր էին իրականացվում ոչ միայն Բաքվում, այլև Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի և Շահումյանի շրջաններում: Հունվարի 16-ին գնդակոծվել են, այդ թվում նաև՝ ուղղաթիռներից, Շահումյանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերը, առավել ինտենսիվ և դաժան գնդակոծման է ենթարկվել հատկապես Մանաշիդ փոքր գյուղը:

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0-