Ժողովրդական կուսակցության ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից ոչ մի սպասում չունի

15.01.2010, 16:02
Ժողովրդական կուսակցության ղեկավարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումից ոչ մի սպասում չունի

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումից ոչ մի սպասում չունի:

Դրա պատճառը, Կարապետյանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակի առնչությամբ նախագահ Ալիևի անզիջում դիրքորոշումն է, որը նա բազմիցս հնչեցրել է:

«2009 թ.-ին Սարգսյան-Ալիև զույգը հանդիպել է վեց անգամ, բայց անգամ եթե 2010 թ.-ին նախագահները հանդիպեն ևս 16 անգամ, եթե Ալիևը նույն քաղաքականությունը վարի, ապա ոչ մի առաջընթաց բանակցություններում չի գրանցվի»,- Կարապետյանն ասաց «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: