Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կշարունակվի ՀՀ ԱԺ-ում. ՀՅԴ

13.01.2010, 17:56
Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կշարունակվի ՀՀ ԱԺ-ում. ՀՅԴ
Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը կշարունակվի ՀՀ ԱԺ-ում. ՀՅԴ

ՀՅԴ-ն մտադիր է հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարը շարունակել ՀՀ ԱԺ-ում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Հաշվի առնելով, որ Հայաստանում գործող օրենսդրության համաձայն, խորհրդարանը չի կարող հայ-թուրքական արձանագրություններում վերապահում մտցնելու նախաձեռնությամբ հանդես գալ, Դաշնակցությունը մտադիր է փոփոխություններ մտցնել Ազգային ժողովի կանոնակարգում»,- նշեց պատգամավորը:

Նրա խոսքով, համապատասխան ուղղումներ մտցնելը ՀՅԴ առաջին քայլը կլինի ԱԺ առաջին իսկ նիստի ժամանակ:

Ռուստամյանը նշեց, որ այս նախաձեռնության ձախողման դեպքում, խմբակցությունը կպահանջի հայ-թուրքական արձանագրություններում վերապահումներ մտցնել երկրի ղեկավարի կողմից, ով ունի նման լիազորություններ:

Միաժամանակ Ռուստամյանը նշեց, որ եթե նշված նախաձեռնություններից յուրաքանչյուրը ցանկալի արդյունք չբերի և «Դաշնակցության պահանջները չիրականացվեն, ապա ՀՅԴ-ն կանցնի հաջորդ, ավելի վաղ ծրագրված գործողություններին»:

Մասնավորապես, Ռուստամյանի խոսքով, խմբակցությունը կպահանջի դադարեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչը քաղաքական ասպեկտում իշխանափոխություն է նշանակում:

ՀՀ ՍԴ-ն հունվարի 12-ին որոշում է ընդունել, ըստ որի դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Սահմանադրությանը։  

Հայկական օրենսդրության համաձայն՝ ՍԴ-ում միջպետական համաձայնագրերի քննարկումից հետո դրանք փոխանցվում են խորհրդարան՝ վավերացման համար։ -0-