«Բանանց» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչը մտադիր է թիմի հետ ամենաբարձր նպատակների հասնել

13.01.2010, 16:40
«Բանանց» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչը մտադիր է թիմի հետ ամենաբարձր նպատակների հասնել

ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանյան «Բանանց» ֆուտբոլային ակումբի նոր մարզիչ մակեդոնացի Ստևիցա Կուզմանոսկին մտադիր է թիմի հետ ամենաբարձր նպատակների հասնել:

«Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Բանանցը»: Ես գիտեմ, որ ակումբի առաջ լուրջ նպատակներ են դրված, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի «Բանանցը» հասնի այդ նպատակներին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Կուզմանովսկին:

«Բանանց»-ի նպատակն իր մասնակցած բոլոր մրցաշարերում ամենաբարձր տեղերի համար պայքարն է»,- ընդգծեց նա:
 
Նոր մարզչի խոսքերով, նա հարձակողական խաղի կողմնակից է, և բոլոր լիգաներում, որտեղ ինքը թիմեր է մարզել, իր ակումբները ամենագեղեցիկ ֆուտբոլն են ցույց տվել:  

Բացի այդ, Կուզմանովսկին նշեց, որ իր նախկին ակումբներում ավելի շատ ուշադրություն էր հատկացվում երիտասարդ տաղանդների դաստիարակմանը, և ինքը գիտի՝ ինչպես աշխատել երիտասարդ ֆուտբոլիստների հետ: «Երիտասարդ ֆուտբոլիստների զարգացումը իմ քաղաքականությունն է ու «Բանանց»-ի քաղաքականությունը»,- հավելեց նա:

Այն երիտասարդ ֆուտբոլիստների թվում, որոնք նախկինում հանդես են եկել իր ղեկավարությամբ, Կուզմանովսկին նշեց Բրանիսլավ Իվանովիչին («Չելսի». Լոնդոն) և Մարկո Բաշային («Լոկոմոտիվ». Մոսկվա):

Միևնույն ժամանակ մարզիչը հայտնեց, որ իր հետ իր նախկին ակումբ «Մոնտանա»-ից (Բուլղարիա) «Բանանց» են եկել չորս ֆուտբոլիստներ, որոնց հնարավորությունները իրեն շատ լավ հայտնի են: Մոտ օրերս ևս մի քանի լեգիոներներ կգան ակումբ դիտման համար:

Մարզչի խոսքերով, ակումբը ծրագրում է ուժեղացնել դարպասապահի, երկու կենտրոնական պաշտպանների, երկու կիսապաշտպանների և երկու հարձակվողի դիրքերը:

Կուզմանովսկին հայտնեց նաև, որ ինքը «Բանանց»-ի հետ երկամյա պայմանագիր ունի, և հույս ունի՝ որքան հնարավոր է շուտ հայերեն սովորել ֆուտբոլիստների ու լրագրողների հետ շփումը հեշտացնելու համար: -0-