Հին Նոր Տարվա պատմությունն ու ավանդույթները

13.01.2010, 14:37
Հին Նոր Տարվա պատմությունն ու ավանդույթները

Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանում, ինչպես և աշխարհի շատ երկրներում, նշում են Հին Նոր Տարին՝ բավականին ինքնուրույն և ամանորյա արձակուրդների հմայքը երկարացնող տոնը։ Ավելին՝ այդ օրը տոնը չի նշանավորվում ավանադական ամանորյա պատրաստություններին բնորոշ իրարանցումով և ցայտնոտով։ Հարկ է նշել նաև, որ բազմաթիվ հավատացյալներ Հին Նոր տարին կարող են նշել միայն սուրբծննդյան պահքի ավարտից հետո։

Հին Նոր տարին նշելու ավանդույթը մնացել է Հուլյան օրացույցի (այլ կերպ ասած՝ «հին տոմարի» օրացույցի) և Գրիգորյան օրացույցի (որով ներկայումս ապրում է գործնականում ողջ աշխարհը) միջև եղած տարբերությունից։ XX-XXI դարերում օրացույցների տարբերությունը կազմում է 13 օր։ Բայց արդեն 2100 թվականի մարտի մեկից այդ տարբերությունը կկազմի 14 օր, քանի որ Հուլյան և Գրիգորյան օրացույցների միջև տարբերությունն ավելանում է մեկ օրով ամեն հարյուրամյակում, երբ տարվա հարյուրյակների թիվը Քրիստոսի Ծնունդից հետո չորսի բազմապատիկ չէ։ Այսպիսով՝ 2101 թվականից Սուրբ Ծնունդն ու Հին Նոր տարին մեկ օր ուշ կնշվեն։

Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահի տեղակալ, ավագ երեց Վսեվոլոդ Չապլինը կարծում է, որ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել օրացուցային տարբերություններին, և «եթե նույնիսկ համաձայնություն ձեռք բերվի այդ վեճերում, ապա միայն նոր, բացարձակապես ճշգրիտ օրացույցի մշակման դեպքում»։

Օրացուցային այս տարբերությունն ունի նաև գիտական բացատրություն։ Քանի որ Երկիրն իր առանցքի շուրջ մեկ պտույտ է կատարում ոչ թե ճիշտ 24 ժամվա ընթացքում, ապա լրացուցիչ վայրկյաններն, աստիճանաբար կուտակվելով, օրեր են կազմում։ Քսաներորդ դարի սկզբին դրանք վերածվեցին 13 օրվա, որոնք և կազմեցին հին հուլյան և նոր գրիգորյան համակարգերի տարբերությունը։

Չնայած նրան, որ Հին Նոր տարվա տոնը հանգստյան օր չէ, դրա ժողովրդայնությունն աճում է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի InMoment կայքում տեղադրած տվյալներով՝ Հին Նոր տարին նշել ցանկացողների թիվն արդեն գերազանցել է 60 տոկոսը, ընդ որում՝ մեծամասնությունն ուսանողներ և սովորողներ են, ինչպես նաև բանվորներ, ձեռնարկատերեր, տնային տնտեսուհիներ, միջնակարգ կրթությամբ և հարաբերականորեն բարձր եկամուտներով մինչև 40 տարեկան մարդիկ։

Շատերը, պահպանելով պատմական ավանդույթները, հատուկ ծեսեր են կատարում, այդ թվում՝ Հին Նոր տարվա գիշերը վարենիկներ են պատրաստում, որոնց մի մասը՝ ներսում թաքցրած տարբեր իմաստ ունեցող անակնկալներով։ Այսպես՝ եթե վարենիկում լոբի լինի, դա նշանակում է, որ ընտանիքում ավելացում է սպասվում, կոճակը՝ նոր զգեստ, շաքարը՝ քաղցր կյանք (առնվազն մեկ տարով), աղը՝ հակառակ իմաստը՝ նույն ժամկետով, թելը խորհրդանշում է ճանապարհ և ճանապարհորդություն, իսկ կոպեկը՝ ֆինանսական վիճակի բարելավում։ Յուրաքանչյուր երկրում, անգամ յուրաքանչյուր ընտանիքում անակնկալները տարբեր իմաստ կարող են արտահայտել, սակայն ինքն ավանդույթն ընդհանուր առմամբ շատ ջերմ է, բարեկամական և թույլ է տալիս հավաքվել ու շփվել ընտանիքով։  

Հայ Առաքելական Եկեղեցին այդ օրը՝ հունվարի 13-ին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Հիսուս անվանը զուգահեռ Փրկչին տրվում է նաև Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ և համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

Փրկչի անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, իսկ նախորդ օրը երեկոյան ժամերգության ավարտին կատարվում է նախատոնակի արարողություն: -0-