Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չի ծրագրում հանրահավաք անցկացնել ՀՀ ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների կապակցությամբ, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Խորհրդարանական լրացուցիչ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 10-ին: Թեկնածուների ցուցակում էր նաև «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով գտնվում է կալանքի տակ 2008 թ.-ի մարտյան անկարգությունների կապակցությամբ:
«Այս ընտրարշավի հետ կապված մենք դեռ առանձին հանրահավաք անցկացնելու հիմքեր չունենք», - հայտարարեց Զուրաբյանը:
Միաժամանակ նա չբացառեց, որ այլ քաղաքական գործընթացների կամ քաղաքական իրավիճակի փոփոխության կապակցությամբ ընդդիմությունը կարող է անցկացնել հանրահավաք մարտի 1-ին նախատեսված ակցիայից ավելի շուտ:
Հայաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն՝ հունվարի 10-ին Երևանի 10-րդ ընտրատարածքում Հայաստանի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, ով հավաքել էր 7622 ձայն:
Կալանքի տակ գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկել էր ընտրություններին մասնակցած 13380 ընտրողներից 5053-ը:
Լրացուցիչ ընտրությունները նշանակվել էին, երբ ձեռներեց Խաչատուր Սուքիասյանը, ով 2008թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ սատարել էր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, հրաժարվել էր պատգամավորական մանդատից:-0-