ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

26.12.2009, 10:24
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին
ՀՀ պաշտպանության նախարարը ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ ընդունել է շուրջերկրյա ուղևորության առաջին փուլը հաջողությամբ ավարտած և հայրենիք վերադարձած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:

Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Օհանյանը նշել է, որ աշխարհին Հայաստանը ներկայացնելուն զուգահեռ` արշավախմբի գործունեությունը նաև հայրենասիրական դաստիարակության վառ դրսևորում է:

Հյուրերն իրենց հերթին ներկայացրել են իրենց ճամփորդության հետաքրքրաշարժ դրվագները՝ ընդգծելով, որ միասնական աջակցության շնորհիվ են իրագործվում նմանաբնույթ ծրագրեր:

Դեկտեմբերի սկզբին «Արմենիա» առագաստանավը խարիսխ էր գցել Բուենոս Այրեսի նավահանգստում: Ծրագրվում է, որ նավը կմնա այնտեղ մինչև 2010թ.-ի ամառ: Անձնակազմի անդամները վերադարձել են հայրենիք:

«Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա ճանապարհորդությունը մեկնարկել է 2009թ.-ի մայիսին: Գրեթե մեկ տարի ճանապարհորդության ընթացքում «Արմենիան» պետք է խարիսխ գցի հինգ մայրցամաքների նավահանգիստներում՝ շրջելով երեք՝ Ատլանտյան, Խաղաղ և Հնդկական օվկիանոսների ջրերով և այցելելով այն բոլոր վայրերը, որտեղ հայկական համայնքներ կան:-0-