Բիզնեսի քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին խուսափել լուրջ սոցիալական ցնցումներից 2009 թ.-ին. նախագահ

22.12.2009, 19:00
Բիզնեսի քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին խուսափել լուրջ սոցիալական ցնցումներից 2009 թ.-ին. նախագահ
Բիզնեսի քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին խուսափել լուրջ սոցիալական ցնցումներից 2009 թ.-ին. նախագահ

Բիզնեսի քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին խուսափել լուրջ սոցիալական ցնցումներից 2009 թ.-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց երեքշաբթի իր նստավայրում ամեն տարի անցկացվող նախաամանորյա ընդունելության շրջանակներում:

Դիմելով գործարարներին՝ երկրի ղեկավակրը նշեց Հայաստանի տնտեսությունում գրանցված որոշակի բարդությունները, որոնք առաջացել են անբարենպաստ տնտեսական միջավայրի պատճառով, և ընդգծել է լուծումներ փնտրելիս անընդհատ  մարդկային գործոնը հաշվի առնելու բիզնեսի պատրաստակամությունը:  

«Գիտեմ, որ որոշումները, որոնք դուք կայացրել եք, միշտ չէ, որ բխել են գործարարության, բիզնեսի դասական կանոններից: Հաճախ է եղել, որ որոշումները կայացվել են ոչ թե հօգուտ բիզնեսի արագ զարգացման, այլ հօգուտ մարդկանց, ձեր աշխատակիցների` հնարավորինս առաջնորդվելով աշխատատեղեր չկրճատելու տրամաբանությամբ: Այս բոլորը ես շատ լավ պատկերացնում եմ»,- ասել է Սարգսյանը:

Ինչպես նշել է նախագահը, նման քաղաքականությունը թույլ է տվել Հայաստանին խուսափել լուրջ սոցիալական ցնցումներից 2009 թ.-ին, ինչպես նաև Հայաստանում ձևավորել գործարարների այն խավը, որի նպատակադրումը ոչ թե այսրոպեական շահույթներ կորզելն է, այլ երկարաժամկետ ու ծանրակշիռ գործարար ձեռագիր կերտելը:

«Հենց գործարարների նման խավն է ցանկացած երկրի ու նրա հոգսերի կարևորագույն հենարանը, առավել ևս նրանց կողմից դրսևորվող էներգիայի, ակտիվության և նոր որոշումների պատրաստակամության դեպքում»,- ասաց Սարգսյանը:

Ինչպես նշեց երկրի ղեկավարը, ֆինանսատնտեսական ճգնաժամի բերած աննախադեպ անկումը դանդաղ, բայց հաստատապես նահանջում է:

«Չեմ կարծում, թե դեկտեմբեր ամսին այն կտրուկ կնվազեն, բայց նոր ուղիների որոնումների կամ նախագծերի մշակման նվազում չենք արձանագրել: Վերջին ամիսների մակրոտնտեսական զարգացումները և տնտեսության կայունացման միտումները մեզ հիմք են տալիս ավելի վստահ կանխատեսել 2010 թվականի երկրի տնտեսության զարգացման հեռանկարները»,- ասաց Սարգսյանը:

Նրա խոսքերով՝ հայ գործարարը միշտ էլ առանձնացել է ճկունությամբ ու հնարամիտ լուծումներ գտնելու կարողություններով: Տնտեսական ճգնաժամը հայ գործարարի հնարամտության ստուգումն է: Իսկ արտերկրի առանձին շուկաներ կորցնող տեղական արտադրողը պիտի ժամ առաջ փորձի իր ռեսուրսներն ուղղել նոր գաղափարների իրականացմանը:

 

Որպես ապագա առաջընթացէ նախագահը նշեց, որ բանկային համակարգը պիտի կարողանա ակտիվության շարժիչ դառնալ փոքր ու միջին բիզնեսի համար:

«Տնտեսական միասնականության, կառավարության հետ առավել փոխլրացմամբ աշխատելու կարևորագույն սկզբունքը պետք է շարունակվի նաև 2010 թվականին:

Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ գալիք տարին լինելու է համառ աշխատանքի տարի։ Այն պետք է լինի իսկապես արագ վերականգնման տարի։ Ես կարծում եմ՝ և կառավարությունը, և նախագահի աշխատակազմը կձեռնարկեն բոլոր միջոցները, որպեսզի 2010 թվականը դառնա, իրոք, վերականգնման տարի»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը նաև հաջողություն մաղթեց գործարարներին իրենց գործունեության մեջ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը մեր հաջողությունն է, բոլորիս հաջողությունն է, մեր տնտեսության հաջողությունն է։

«Կրկին շնորհավորելով ձեզ՝ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, ձեր ընտանիքներին՝ ջերմություն, խաղաղություն, հանդարտություն: Շնորհավոր բոլորիս Նոր տարին և ցանկանանք, որպեսզի, 2010 թվականը, իրոք, մեր երկրի համար լինի տնտեսության վերականգման, պաշտպանունակության ամրապնդման, սոցիալական եւ ներքաղաքական խնդիրների բարեհաջող լուծման տարի»,- ասաց Սարգսյանը:-0-