Հայաստանում ուրանի պաշարների վերջնական բացահայտման համար 3-5 տարի է պետք. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

22.12.2009, 15:04
Հայաստանում ուրանի պաշարների վերջնական բացահայտման համար 3-5 տարի է պետք. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

Հայաստանում ուրանի պաշարների վերջնական բացահայտման համար 3-5 տարի կպահանջվի, ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

«Հայաստանում ուրանի հանքաքարի որոնմանն ուղղված երկրաբանական-հետախուզական աշխատանքներն իրականացնում է հայ-ռուսական համատեղ ընկերությունը, և այս տարի Հայաստանի տարածքում պաշարների հետազոտմանն ուղղված զգալի աշխատանքներ են իրականացվել», - ասաց Մովսիսյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով տարեկան արդյունքները:

Նշելով, որ այդ աշխատանքները շարունակվում են և կրում են հետևողական բնույթ՝ նախարարը հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում կարելի կլինի մոտավոր պատկերացում կազմել, թե ինչպիսի ներուժ ունի Հայաստանը այդ ոլորտում:

ՀՀ կառավարությունը 2009թ.-ի ապրիլի 23-ին «Հայ-ռուսական լեռնահանքային ընկերություն» ՓԲԸ-ին թույլտվություն տրամադրեց Հայաստանի տարածքում 5 տարվա ընթացքում ուրանի հանքաքարի երկրաբանական հետախուզում անցկացնելու համար:-0-