Հայաստանի կրթական համակարգը 2009թ.-ին երկու սթրես է ապրել. ՀՀ ԿԳՆ

22.12.2009, 14:59
Հայաստանի կրթական համակարգը 2009թ.-ին երկու սթրես է ապրել. ՀՀ ԿԳՆ

ՀՀ կրթական համակարգը 2009թ.-ին երկու սթրես է ապրել, լրագրողներին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով տարվա արդյունքները:

«Առաջին սթրեսը ֆինանսատնտեսական ճգնաժամն է, որի պատճառով դեպի կրճատման կողմն են վերանայվել կրթության համար սկզբնապես հատկացված միջոցները, երկրորդ, ավելի մեղմ սթրեսը ՀՀ կրթության և գիտության նախարարի փոփոխությունն էր», - նշեց նա: 

Այս կապակցությամբ նա նշեց, որ կրթության և գիտության նախարարների արագ փոփոխումը աշխարհում բացասաբար է դիտարկվում, և դա հատուկ է ոչ միայն Հայաստանին, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի տարեկան զեկույցը, որտեղ որպես խնդիր նշված է Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում կրթության և գիտության նախարարների հաճախակի փոփոխությունը:

Աշոտյանը տեղեկացրեց, որ 2009թ.-ի սկզբին նախարարության կողմից նախատեսված բոլոր ծրագրերը, որոնք հաստատվել են կառավարության կողմից, գրեթե առանց փոփոխության իրագործվել են՝ «սկսած օրենսդրական բարեփոխումներից մինչև հասարակության և շարքային քաղաքացիների հետ աշխատանքը»:

Նա ընդգծեց, որ ընթացիկ տարում նախարարությունը միշտ բաց է եղել հասարակության համար, այն մեծապես կարևորել է ԶԼՄ-ների հետ աշխատանքը: «Էլեկտրոնային և տեղեկատվական հասարակությանը ձգտող Հայաստանում պետական մարմինները պետք է կարողանան կիրառել այն հնարավորությունները, որոնք մեր առջև բացում են տեղեկատվական տեխնոլոգիաները և միշտ լինեն հասանելի և թափանցիկ հասարակության համար», - ընդգծեց նա:

Այս կապակցությամբ նա նշեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքը 2009թ.-ին հաճախումների քանակով ընդգրկվել է Հայաստանի գերատեսչական կայքերի առաջատար եռյակի մեջ:

Նախարարը նաև նշեց, որ 2009թ.-ին ակտիվորեն զարգացել է համագործակցությունը հայկական սփյուռքի կրթական հաստատությունների հետ, և նրանց է փոխանցվել 7 հազար միավոր ուսումնական գրականություն: Միաժամանակ նա նշեց, որ ապագայում շեշտը դրվելու է էլեկտրոնային դասագրքերի ստեղծման և սփյուռքին փոխանցելու վրա, քանի որ դա տնտեսապես առավել շահավետ է և համապատասխանում է  XXI դարի ոգուն:-0-