Նամականիշների մարման արարողություն՝ Կաթողիկոսի նստավայրում

18.12.2009, 19:40
Նամականիշների մարման արարողություն՝ Կաթողիկոսի նստավայրում
Նամականիշների մարման արարողություն՝ Կաթողիկոսի նստավայրում

Կաթողիկոսի Էջմիածնի նստավայրում կայացել է Քրիստոսի Ծննդին նվիրված նամականիշների մարումը: «Հայփոստ» փոստային օպերատորը  շրջանառության մեջ է դրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Սբ. Էջմիածնի առաջնորդարանին, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Զվարթնոց հայկական եկեղեցիներին, ինչպես նաև Նոր տարուն և Սբ. Ծննդին նվիրված փոստային նամականիշներ, բացիկներ, ծրարներ և գեղաթերթիկներ:

Ինչպես ուրբաթ նամականիշների մարման արարողության ժամանակ նշեց «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, սա 2009թ.-ին նամականիշների թողարկման ամփոփիչ միջոցառումն է:   

«Ընտրված թեմատիկան պատահական չէ, քանի որ թույլ է տալիս ամանորյա և Սբ. Ծննդյան տոների նախաշեմին ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին հայ ժողովրդի հոգևոր ժառանգության մասին, որը առաջիններից մեկն է ընդունել քրիստոնեությունը, ինչպես նաև ընդգծել, որ եկեղեցին այն հիմքն է, որը ձևավորում է ազգային յուրահատկությունն ու հայկական պետականության անքակտելի մասն է»,- ասաց Խաչատրյանը:

Նա նշեց, որ դրանով իսկ «Հայփոստ»-ը դառնում է բարի կամքի ինքնատիպ դեսպան՝ նամականիշների տեսքով աշխարհին ներկայացնելով հայ ժողովրդի մշակութային, հոգևոր և կրոնական ժառանգությունը:  

Ինչպես տվյալ առնչությամբ նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, անցյալ տարի Հայաստանում «Հայփոստի»-ի հետ համագործակցության շրջանակներում  ձևավորվել է նամականիշների մարման լավ ավանդույթ:

«Կուզենայինք, որ այս տարի մեր հայրենակիցներն իրենց ցանկությունները հարազատներին ու մտերիմներին ուղարկեին տվյալ շարքի բացիկներով, որոնք խորհրդանշում են հայ ժողովրդի հավատքի ու կրոնի կարևոր դերը»,- ասաց Սարգսյանը:

Նամականիշների մարման արարողությանը ներկա էր նաև Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը: Մարման արարողությունն առաջին անգամ էր անցկացվում կաթողիկոսի նստավայրում:

«Հայաստանի եկեղեցիները» շարքի այսօր մարված նամականիշներին պատկերված են Սբ. Էջմիածնի առաջնորդարանը, Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե, Զվարթնոց հայկական եկեղեցիները: Նամականիշներից յուրաքանչյուրի անվանական արժեքը 70 դրամ է, իսկ տպաքանակը՝ 25 հազար նմուշ:

Նոր տարվան նվիրված նամականիշը եռանկյունի է, թողարկված է 120 դրամ անվանական արժեքով, 50 հազար նմուշ տպաքանակով:
 
Սբ. Ծննդյան նամականիշի և գեղաթերթիկի թեման «Մոգերի երկրպագությունը» տեսարանն է: 30 հազար նմուշ տպաքանակով նամականիշների արժեքը 650 դրամ է, իսկ 57 հազար նմուշ տպաքանակով թողարկված գեղաթերթիկը՝ 280 դրամ գեղաթերթիկի 9 ու 6 նամականիշներից յուրաքանչյուրի համար: 

«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի ազգային փոստային օպերատորն է և գործում է Հայաստանի տարածքում գտնվող 900 փոստային բաժանմունքների միջոցով: -0-