Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել հայկական և ադրբեջանական հասարակությունների պատրաստ լինելու դեպքում. փորձագետ

14.12.2009, 17:00
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել հայկական և ադրբեջանական  հասարակությունների պատրաստ լինելու դեպքում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել հայկական և ադրբեջանական հասարակությունների՝ դրան պատրաստ լինելու դեպքում, կարծում է փորձագետ, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:

«Իրականում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ որոշակի ամսաթիվ ներկայացնելը անշնորհակալ գործ է, բայց կասկած չի հարուցում այն, որ հակամարտությունը կարող է լուծվել այն ժամանակ, երբ իրականում հայկական ու ադրբեջանական հասարակությունները դրան պատրաստ լինեն, մասնավորապես, հաղթահարեն թշնամանքը»,- ասաց Բեքարյանը երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով՝ ներկայումս հակամարտության մեջ գտնվող երկու հասարակություններում էլ գերակայում են չարության ու թշնամանքի զգացմունքները, հատկապես ադրբեջանական հասարակությունում, և այդ պայմաններում հազիվ թե հնարավոր լինի փոխհամաձայնության գալ:

«ժամանակ կպահանջվի մինչև այդ հասարակությունները համակերպվեն միմյանց հետ, մյուս կողմից էլ այսօր չեմ տեսնում այդ ուղղությամբ ձեռնարկվող իրական քայլեր, հատկապես եթե հաշվի առնենք ադրբեջանական ղեկավարության ժամանակ առ ժամանակ հնչող ռազմատենչ հայտարարությունները»,- կարծում է փորձագետը: 

Միևնույն ժամանակ Բեքարյանը նշեց, որ ղարաբաղյան հարցի լուծման համար կարևոր նախապայման է մնում բանակցային գործընթացին ԼՂՀ մասնակցությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը կախված է բազմաթիվ գործոններից, այդ թվում ֆորս-մաժորային ... Սակայն ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին և հայ ու ադրբեջանցի հասարակությունների պատրաստ լինելը վերջնական կարգավորմանը առաջնահերթ խնդիրներ են»,- ընդգծեց փորձագետը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-