Հայ խաղաղապահները Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը

07.12.2009, 19:28
Հայ խաղաղապահները Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը
Հայ խաղաղապահները Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 40 մարդուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը Աֆղանստանում կապահովի Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  

Հայ պատգամավորները երկուշաբթի առաջին ընթերցմամբ քննարկում են Աֆղանստանում Անվտանգության սատարման միջազգային ուժերի (ISAF) կազմում հայկական ռազմական կազմի մասնակցության կապակցությամբ ՆԱՏՕ-ի հետ իրավական կարգավորման և ֆինանսական հարցերի վերաբերյալ նամակների փոխանակելու ձևով համաձայնագրի վավերացման մասին հարցը:    

«Հայկական կազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ, որոնք կգտնվեն հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում և կապահովեն Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը(տաջիկստանից 40 կմ հեռավորության վրա), մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը»,- ասաց Օհանյանը:   

Ինչպես նշեց նախարարը, հայկական կազմի ապագա տեղակայման վայրը համեմատաբար հանդարտ է համարվում և մինչ օրս օդանավակայանին հարակից տարածքում ընդամենը մեկ փոքր միջադեպ է գրանցվել:  

Նրա խոսքերով, հայկական խաղաղապահ առաքելությունը ծրագրվում է տեղակայել Աֆղանստանում 2010 թ.-ի փետրվարին: Ընդ որում, սահմանված կարգով հայ խաղաղապահներին ապահովելու բոլոր ծախսերը, այդ թվում աշխատավարձը, սնունդը, փոխադրումը, զինումը, մնալու ծախսերը, իր վրա պետք է վերցնի հայկական կողմը:  

«Սակայն, հաշվի առնելով բյուջետային միջոցների սղությունը, Գերմանիայի կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի հիմնական ծախսերի վճարումն իր վրա է վերցրել Գերմանիայի կառավարությունը, բացառությամբ աշխատավարձի, որը կվճարի Հայաստանը»,- ասաց Օհանյանը:

Հայկական ռազմական կազմը Աֆղանստանում գործելու է գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում:

Պաշտպանության նախարարի խոսքերով, Աֆղանստան մեկնումից առաջ, հայ խաղաղապահները համապատասխան վերապատրաստում կանցնեն Գերմանիայում, որի ծախսերը ևս կապահովվեն գերմանացիների կողմից:

Նախարարը հայտնեց նաև, որ խաղաղապահների հերթափոխը տեղի կունենա կես տարին մեկ անգամ:

Աֆղանստանի խաղաղապահական առաքելությանը մասնակցում են նաև խաղաղապահներ Վրաստանից և Ադրբեջանից (շուրջ 90 մարդ), սակայն այլ ստորաբաժանումների կազմում:

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից, իսկ Իրաքում լեհական դիվիզիայի կազմում՝ 2005թ.-ի հունվարի 25-ից։ -0-