Հայաստանն առայժմ պատրաստ չէ արդյունավետ կերպով դիմակայելու ավերիչ երկրաշարժերին

07.12.2009, 16:09
Հայաստանն առայժմ պատրաստ չէ արդյունավետ կերպով դիմակայելու ավերիչ երկրաշարժերին
Հայաստանն առայժմ պատրաստ չէ արդյունավետ կերպով դիմակայելու ավերիչ երկրաշարժերին

Հայաստանն առայժմ պատրաստ չէ արդյունավետ կերպով դիմակայելու 8-10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժերին և խուսափելու մեծ մարդկային զոհերից, «Նովոստի» մամուլի կենտրոնում տված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ալվարո Անտոնյանը:

«Եթե Հայաստանում 1988թ.-ի երկրաշարժի մասշտաբի աղետ կրկնվի, ապա մեզ չի հաջողվի խուսափել մեծ կորուստներից»,- ասաց նա:

Նրա խոսքով, ներկայում Հայաստանում իրականացվում է ոչ այնքան ճիշտ քաղաքաշինական քաղաքականություն:

«Երևանի կենտրոնում կառուցվող նորակառույցներն ինքնին սեյսմակայուն են, սակայն 8-10 բալ երկրաշարժի դեպքում վտանգ կա, որ դրանք գլխիվայր շուռ կգան»,- ասաց Անտոնյանը:

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետն ընդգծեց, որ նորակառույցների մեծ մասը գտնվում են մասնավոր տիրություն, և շինարարությամբ զբաղվող բոլոր ընկերությունները չէ, որ դիմում են սեյսմիկ ծառայություններին շենքերի սեյսմակայունությունը որոշելու համար, և այս առումով Հայաստանում խնդիր կա:

Նրա նշեց, որ միշտ կա մեծ սեյսմիկ վտանգ խիտ բնակեցված քաղաքներում, և արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է կառավարման մարմինների արդյունավետ աշխատանք ու բնակչության իրազեկության բարձր մակարդակ:

«Եթե 1988թ.-ին բնակչության իրազեկության մակարդակը նորմալ վիճակում լիներ, ապա զոհերի թիվը 20-30 տոկոսով պակաս կլիներ»,- ասաց Անտոնյանը՝ հավելելով, որ ներկայում Հայաստանի սեյսմիկ ծառայությունները աշխատում են բնակչության իրազեկման բարձրացման ուղղությամբ:  

1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ։ Աղետը  հիմնովին ավերեց Հայաստանի հյուսիսում գտնվող երկու քաղաք՝ Սպիտակն ու Լենինականը (այժմյան Գյումրին), ավելի քան հարյուր գյուղ։ Եվս մի քանի քաղաքներ  ավերվեցին մասամբ։

Երկրաշարժի 6 բալանոց գոտին ընդգրկել էր շուրջ 30.000 քառակուսի կիլոմետր տարածք, ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակ քաղաքում, նրա ուժգնությունը, գնահատելով 12 բալանոց սանդղակով, կախված շինությունների ավերվածության աստիճանից՝ հասել է 10 բալի:

Այդ օրը, ըստ պաշտոնական տվյալների, զոհվեց 25 հազ. մարդ, 140 հազարը դարձան հաշմանդամներ, իսկ կես միլիոն մարդ մնաց անօթևան։ -0-