Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ նախագահ

03.12.2009, 17:34
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ նախագահ
Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ. ՀՀ նախագահ

Հայաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացմամբ, հինգշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթա Վոլանդերի հետ հանդիպման ժամանակ:

«Հայ-ամերիկյան հարաբերություններն ավանդաբար կրում են ջերմ, բարեկամական բնույթ, և մենք շահագրգռված ենք դրանց հետագա խորացմամբ»,- նախագահի խոսքերը մեջբերեցին պետության ղեկավարի մամուլի ծառայությունից:

Սարգսյանը հավելեց, որ Հայաստանը  բարձր է գնահատում երկրի անկախացումից ի վեր Միացյալ Նահանգների կառավարության կողմից ցուցաբերվող օժանդակությունը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանային խնդիրների լուծմանն ուղղված ԱՄՆ ջանքերը:

Իր հերթին ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչն ասել  է, որ այցի ընթացքում նպատակ ունի ավելի լավ հասկանալ պաշտպանական ոլորտում Հայաստանի առաջնահերթությունները:

Նշելով, որ իր երկիրը  բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը տարբեր խաղաղապահ առաքելություններին` նա ասել է, որ  այսօր եղել է  ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադում և տպավորված է հայ զինծառայողների կարողություններով:

Նախագահ Սարգսյանը կարևորել է միջազգային խաղաղապահ գործունեությանը Հայաստանի մասնակցությունը և ասել է, որ Հայաստանը պարտավոր է և ունակ է իր ներդրումն ունենալ միջազգային անվտանգության ամրապնդման գործում:

Հանրապետության նախագահը և ամերիկյան վարչակազմի պաշտոնյան արդյունավետ են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, իրականացված ծրագրերը և նշել են, որ Հայաստանը լավագույնս է օգտագործել եղած հնարավորությունները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այդ հարաբերությունները զարգացման ու ընդլայնման մեծ ներուժ ունեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների և  խնդիրների վերաբերյալ:-0-