Հայկական դիվանագիտության համար ճակատագրական ժամանակներ են գալիս. պատգամավոր

03.12.2009, 17:09
Հայկական դիվանագիտության համար ճակատագրական ժամանակներ են գալիս. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական դիվանագիտությունը զարգացման բավականին ճակատագրական ժամանակ է թևակոխում, ասաց «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Պետք է ավելի համառ լինել և կառչել միջազգային հանրության՝ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման  և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացների միջև փոխկապակցումը բացառող բոլոր դիվանագիտական հայտարարություններից»,- ասաց Սաֆարյանը հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:  
 
Ընդ որում որպես այդ ճանապարհին հանդիպող խնդիրներից մեկը Սաֆարյանը նշեց, որ ադրբեջանական կողմը և միջազգային հանրության առանձին ներկայացուցիչներ, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարների մասին, նշում են, որ եթե սահմանը բացվի, ապա Հայաստանն ավելի մեծ համառություն կդրսևորի, կխստացնի դիրքորոշումը Ադրբեջանի հանդեպ, ինչի արդյունքում Ղարաբաղյան հարցը տեղից չի շարժվի:

Խոսելով Աթենքում Ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների արած լավատեսական հայտարարության մասին՝ պատգամավորն ասաց, որ միջազգային միջնորդները մշտապես լավատեսական մթնոլորտ են ստեղծել բանակցային գործընթացում առաջընթացի համար:  

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ համատեղ նախօրեին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ եռանդուն աշխատելու չլուծված հարցերը կարգավորելու, համաձայնության հասնելու ուղղությամբ, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Բացի այդ Սաֆարյանի խոսքով, այսօր պայքար է մղվում այն բանի համար, թե ով է գնահատելու դրական դինամիկան Ղարաբաղյան հարցում, որպեսզի Թուրքիան բացի սահմանն ու հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:  

«Բնական եմ համարում, որ միջազգային հանրությունն իր վրա է վերցրել այս հարցում Թուրքիայի առաջ պատասխանողի դերը այնպիսի հայտարարության միջոցով, որով նա Թուրքիային հասկացնում է, որ դրական դինամիկա է նկատվում, իրավիճակն ընթանում է դեպի հանգուցալուծում, և Թուրքիան կարող է վավերացնել արձանագրություններն առանց իր նախկին հայտարարություններին հակասելու»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ այս համատեքստում ռիսկերը հայկական դիվանագիտության համար պահպանվում են:  

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-