Հայաստանը մասնակցել է Հաագայում մեկնարկած Քիմիական զենքի արգելման կազմակերպության խորհրդաժողովին

02.12.2009, 18:59
Հայաստանը մասնակցել է Հաագայում մեկնարկած Քիմիական զենքի արգելման կազմակերպության խորհրդաժողովին

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում (OPCW) Հայաստանի  մշտական ներկայացուցիչ Սամվել Մկրտչյանը մասնակցել է նոյեմբերի 30-ին Հաագայում մեկնարկած կազմակերպության 14-րդ խորհրդաժողովին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։  

Լիագումար նիստից առաջ կայացած կարճատև զրույցի ընթացքում կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը դեսպան Մկրտչյանին իր երախտագիտությունն է փոխանցել սեպտեմբերի 29-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ցուցաբերված ընդունելության և բովանդակալից քննարկումների համար:

Ռոխելիո Պֆիրտերը ներկայացրել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առաջիկա օրակարգային խնդիրները, կարևորել է ՔԶԱԿ հնարավոր դերակատարությունը քիմիական զենքի օգտագործմամբ ահաբեկչական գործողությունների կանխարգելման հարցում:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը միջազգային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997 թվականի ապրիլի 29-ին ՄԱԿ-ի աջակցությամբ, Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի՝ ուժի մեջ մտնելուց հետո, որը պետք է ստորագրվեր 1993 թվականի հունվարին։

Հիմնական խնդիրներն են՝ քիմիական զենքի օգտագործման արգելքի պահպանման, դրա պաշարների վերացման վերահսկողության ապահովումը, խաղաղ քիմիայի բնագավառում համագործակցության զարգացման աջակցությունը, քիմիական զենքից պաշտպանության ապահովման հարցում պետություններին ցուցաբերվող աջակցությունը, քիմիական զենքի չտարածման ապահովումը։ -0-