Հայաստանում ընթացիկ տարում տեղի է ունեցել պետական պահպանության օբյեկտների գողության 14 դեպք, որից 12-ը բացահայտված է. Ոստիկանություն

02.12.2009, 15:19
Հայաստանում ընթացիկ տարում տեղի է ունեցել պետական պահպանության օբյեկտների գողության 14 դեպք, որից 12-ը բացահայտված է. Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ընթացիկ տարում տեղի է ունեցել պետական պահպանության օբյեկտների գողության 14 դեպք, որից 12-ը բացահայտված է, ընդ որում 11-ը՝ անմիջապես դեպքի վայրում պահակախմբի աշխատակիցների կողմից, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանը։

Ընդ որում նա նշեց, որ վերջին տարիներին պահպանվող բնակարանների գողության դեպքեր չեն գրանցվել։

«Սրանով է պայմանավորված այն, որ պահպանվող օբյեկտների քանակը տարեկան ավելանում է միջինը 5-7 տոկոսով, ինչը չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, վկայում է պահպանության ծառայության հանդեպ բնակչության վստահության մասին»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքերով, ներկայում Պետական պահպանության վարչության կողմից իրականացվում է սեփականության տարբեր տեսակի 4068 օբյեկտի պահպանությունը։

Ընդ որում, վարչության պահպանության տակ գտնվող 4068 օբյեկտից, կառավարության որոշմամբ, պահպանվում են 140-ը, որոնց թվում՝ էլեկտրակայաններ, ջրամբարներ, կամուրջներ, վարչական շենքեր, մշակութային ու պետական նշանակության օբյեկտներ։

«Ինչ վերաբերում է պահպանվող բնակարաններին և ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատկանող գույքին, դրանց պահպանությունն իրականացվում է միայն պատվիրատուի ցանկությամբ»,- ասաց Զաքարյանը։ 

Գեներալ-մայորը հայտնեց, որ այս տարի ցուցաբերված պետական պահպանության ծառայությունների գումարը 5,457 մլրդ դրամ է կազմել, որից 4,452 մլն դրամը ստացվել է արտաբյուջետային աղբյուրներից, ավելի քան 1 մլրդ դրամը՝ բյուջետային։

Զաքարյանի խոսքերով, հանցագործությունների բացահայտման և հասարակական կարգի ապահովման գործում Պետական պահպանության վարչությունն ակտիվ համագործակցում է ՀՀ ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ։

Նա տեղեկացրեց, որ ընթացիկ տարում Պետական պահպանության վարչության աշխատակիցների ջանքերով բացահայտվել է 176 հանցագործություն, հանցագործություն գործելու կամ վարչական իրավախախտումներ կատարելու կասկածով բերման է ենթարկվել ավելի քան 500 քաղաքացի, կամավոր կարգով հանձնվել է 30 միավոր զենք, 161 ական և նռնակ, տարբեր տրամաչափի 20 հազար փամփուշտ։ 

Զաքարյանը հայտնեց նաև, որ ընթացիկ տարում Ոստիկանության շուրջ 700 աշխատակից խրախուսվել են պարտականությունների բարեխիղճ կատարման համար։

«Միևնույն ժամանակ տարբեր տեսակի իրավախախտումների համար կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 135 աշխատակից, 8 ոստիկան ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- ասաց Զաքարյանը։ -0-