ՀՀ ոստիկանությունը գտել է 13-ամյա դպրոցականի սպանողին

01.12.2009, 16:57
ՀՀ ոստիկանությունը գտել է 13-ամյա դպրոցականի սպանողին

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Կիրակի սպանված 13-ամյա Սոս Մելքոնյանին սպանողը ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը:

Երկուշաբթի ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկվել Երևանի Մ. Նալբանդյանի անվան թիվ 33 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Ազատ Եղոյանը և թիվ 2 վարժարանի սան Սարգիս Վ.-ն:

 

Պարզվել է, որ սպանությունը կատարել է Ազատ Եղոյանը, ով ձերբակալված է:

Սարգիս Վ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

 

Նախաքննությունը շարունակվում է:

Կիրակի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ քաղաքի կենրտոնական պողոտաներից մեկի վրա գտնվող շենքի բնակարաններից մեկում 12 տարեկան դանակահարված երեխա կա:

Նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնում «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխվել Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ, 13-ամյա Սոս Մելքոնյանի դիակը:

Մելքոնյանը ստացել է կտրող-ծակող գործիքի հարվածներ և գիտակցության չգալով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:-0-