Հայաստանի նախագահի զեկույցը ՀՀԿ համագումարում ուժեղ կուսակցության ուժեղ առաջնորդի ելույթ էր. խմբակցության քարտուղար

30.11.2009, 17:53
Հայաստանի նախագահի զեկույցը ՀՀԿ համագումարում ուժեղ կուսակցության ուժեղ առաջնորդի ելույթ էր. խմբակցության քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զեկույցը ՀՀԿ 12-րդ համագումարում ուժեղ կուսակցության ուժեղ առաջնորդի ելույթ էր, ասաց Հայաստանի հանրապետայան կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:  

«Դա այդպես է, քանի որ իր զեկույցում նախագահը հստակ նշել է, որ ՀՀԿ-ն, լինելով ազգային անկախության սյուներից մեկը, այդուհանդերձ երբեք պարզապես առաջնորդի կուսակցություն չի եղել, չնայած այն բանին, որ միշտ ուժեղ նախագահներ է ունեցել»,- երկուշաբթի Շարմազանովն ասաց «Նովոստի» մամուլի կենտրոնում:

Շարմազանովի խոսքով՝ այդ միտքն արտահայտելով՝ նախագահ Սարգսյանն ուզում էր խթան հաղորդել ոչ միայն հանրապետականներին, այլև բոլոր քաղաքական ուժերին ու հասարակայնության տարբեր ներկայացուցիչների:  

«Ցանկացած պետական ծառայող պետք է գիտակցի, որ ինքը ընդամենը ծառայում է  հանուն պետության բարօրության: Իսկ մեր երկրում ամեն ինչ հակառակն է, շատ դեպքերում պետական ծառայողը, պաշտոն ստանալով, կարծում է, որ դա իր սեփականությունն է»,- ընդգծեց նա՝ նաև վստահություն հայտնելով, որ ՀՀԿ-ի ճիշտ գործողությունների պարագայում ողջ հանրությունը դրական ազդակներ կստանա:

Շարմազանովը նշեց նաև, որ խոսելով հանդուրժողականության մթնոլորտի մասին՝ պետության ղեկավարն ասել է, որ ցանկացած իշխանություն պետք է ոչ միայն խելացի լինի, այլև իմաստուն, իսկ իմաստուն է այն իշխանությունը, որն ի վիճակի է քննադատություն լսելու: 

«Նախագահի կողմից Հանրային խորհրդի ձևավորումը, նրա ձեռնարկած համահայկական շրջայցը, քաղաքական կուսակցությունների հետ քննարկումների կազմակերպումը վկայում են այն մասին, որ նախագահն այն առաջնորդն է, որը պատրաստ է լսելու խելամիտ քննադատություն և կարծիքներ, ինչպես նաև իրականացնել իր մտքերից բացի նաև այլ գաղափարներ»,- ասաց Շարմազանովը՝ ցավով նշելով, որ «Երրորդ հանրապետության քաղաքական պատմության մեջ եղել են և կան մարդիկ, որոնք իրենցից բացի ուրիշ ոչ ոքի չեն տեսնում, և որոշ չափով տառապում են ինքնասիրահարվածությամբ»:

Խմբակցության քարտուղարը ընդգծեց նաև քաղաքացիական ինստիտուտների զարգացման և քաղաքական բազմակարծության ապահովման մասին թեզերի կարևորությունը:

«Նախագահն իր զեկույցում ասաց, որ մենք կարող ենք կոշտ լինել գնահատականներում, բայց ոչ՝ դրանք արտահայտողների հանդեպ: Այլ կերպ ասած՝ պայքարը պետք է ծրագրային լինի, այլ ոչ թե ուղղված անհատների կամ կուսակցությունների դեմ: Սա նոր գաղափար էր Հայաստանի քաղաքական կուլտուրայում»,- ասաց Շարմազանովը: -0-