Հայ Առաքելական Եկեղեցին պասիվ է վիրահայության կրոնական-եկեղեցական խնդիրների լուծման գործում. շարժման առաջնորդ

26.11.2009, 13:29
Հայ Առաքելական Եկեղեցին պասիվ է վիրահայության կրոնական-եկեղեցական խնդիրների լուծման գործում. շարժման առաջնորդ

Հայ Առաքելական Եկեղեցին պասիվ է Թբիլիսիի և Ջավախքի հայության կրոնական-եկեղեցական խնդիրների լուծման գործում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Ափրամյանը:

«Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու ավերումն այդ պասիվության արդյունքն է: Տպավորություն է ստեղծվում, որ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը ամեն կերպ փորձում են հեռու մնալ վրացահայերի խնդիրներից, ինչից օգտվում են ինչպես Վրաստանի ղեկավարությունը, այնպես էլ Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին», - ասաց նա:

Թբիլիսիում այս շաբաթ ավերվել է  1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցու շենքը: Հայաստանի Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է արել Վրաստանի իշխանություններին ու Վրաց ուղղափառ եկեղեցուն՝ անհապաղ քայլեր ձեռնարկել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու ուղղությամբ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները՝ վիրահայերի ազգային-եկեղեցական կյանքի նորմալ կազմակերպման և հայկական սրբությունների հուսալի պահպանության նպատակով:

Ափրամյանի կարծիքով, Հայ Առաքելական Եկեղեցին պետք է լուրջ այլընտրանքային լծակ դառնա Հայաստանի կողմից Ջավախքի նկատմամբ վարած քաղաքականության մեջ, ինչպիսին վրացական եկեղեցին է Վրաստանի իշխանությունների համար:

«Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին միշտ ունեցել է ծայրահեղ հակալուսավորչական ուղղվածություն, ինչի հետևանքով ակնհայտ է Կախեթու և մասամբ Ախալցխայի հայերի աստիճանական և հարկադիր վրացականացումը», - ընդգծեց Ափրամյանը:

Նրա խոսքերով, Հայ Առաքելական Եկեղեցին ավելի գործուն դիմադրություն պետք է իրականացնի Վրաստանի հակահայկական քաղաքականության նկատմամբ. Վրաստանի տարածքում եկեղեցիների ավերման կապակցությամբ Երևանի կենտրոնում հանրահավաքների անցկացումը ոչ միայն անարդյունավետ է, այլև՝ անիմաստ:

«Հայ Առաքելական Եկեղեցին ունի բավականին շատ միջոցներ, որպեսզի Ջավախքի առանձին թեմ ստեղծի, ինչը կարող է նվազագույնը պատշաճ պատասխան դառնալ այն բանին, որ Վրաստանի Ուղղափառ Եկեղեցին, չունենալով ծխականներ, Հայաստանի տարածքում հիմնել է Լոռի-Տաշիրի թեմ», - ավելացրեց շարժման առաջնորդը:

Ափրամյանը կարծում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին ունի լուրջ միջոցներ, որպեսզի միջազգային եկեղեցական հանրության շրջանում բարձրացնի Վրաստանի տարածքում Հայ Առաքելական Եկեղեցու կարգավիճակի հարցը:-0-