Ճապոնիայի խորհրդարանի խոսնակ Տակահիրո Յոկոմիչին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելությամբ Տոկիո է ժամանել նոյեմբերի 25-ին:
«Յոկոմիչին վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը դրական կանդրադառնա ղարբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հնդիպման ընթացքում Տակահիրո Յոկոմիչին, բարեկամական բնորոշելով հայ-ճապոնական հարաբերությունները, հույս հայտնեց, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Տոկիո նոր լիցք կհաղորդի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի արտգործնախարարն էլ նշեց, որ Հայաստանում մեծ կարեւորություն են տալիս աշխարհի առաջատար երկրներից մեկի` Ճապոնիայի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը, և իր այցի հիմնական նպատակն է քննարկել երկկողմ համագործակցության զարգացման ուղիները:
Ճապոնիայի խրհրդարանի խոսնակի ու Հայաստանի արտգործնախարարի զրույցի ընթացքում շոշափվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված հարցեր: Այս ենթատեքստում նախարար Նալբանդյանը տեղեկացրեց , որ Հայաստանի Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Ճապոնիայի հետ խորհրդարանական բարեկամության խումբ, եւ հայկական կողմը սպասում է Ճապոնիայի նորընտիր խորհրդարանում համապատասխան խմբի կազմավորմանը`օրենսդիր մարմինների միջև համագործակցություն ծավալելու համար:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև միջազգային խնդիրների շուրջ, անդրադարձան խաղաղօվկիանոսյան և կովկասյան տարածաշրջանների խնդիրներին: -0-