Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը վտանգավոր է Հայաստանի համար. պատգամավոր

25.11.2009, 16:22
Թուրքիայի հավակնոտ քաղաքականությունը վտանգավոր է Հայաստանի համար. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիայի վարած հավակնոտ քաղաքականությունը չափազանց վտանգավոր է Հայաստանի համար, կարծում է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

«Շատերը կարծում են՝ որքան ավելի շատ Թուրքիան ինտեգրվի Եվրոպային ու ընդունի եվրոպական արժեքները, այնքան ավելի լավ Հայաստանի համար: Ես դեմ եմ նման դիրքորոշմանը: Որքան Թուրքիան ավելի շատ մոտենա Եվրոպային, այնքան եվրոպական երկրներն ավելի քիչ դա կուզենան»,- Կարապետյանն ասաց չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, չի կարելի մոռանալ, որ Թուրքիան անկանխատեսելի երկիր է, որն իր գործողություններում առաջնորդվում է պանթուրքական նախագծերով: Ինչպես կարծում է պատգամավորը, հակառակ դեպքում Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չէր պայմանավորի Ադրբեջանի շահերով:

Ներկայում Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ --0-