Հայաստանը չի հակադրում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. պատգամավոր

25.11.2009, 14:52
Հայաստանը չի հակադրում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. պատգամավոր

Հայաստանը չի հակադրում ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, Դաշնակցություն խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կառույց, որի կազմում չեն, մասնավորապես, Ադրբեջանն ու Վրաստանը, և կազմակերպության շրջանակներում ռազմաքաղաքական համագործակցություն է զարգանում երկրների միջև», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կարապետյանը:

1992 թ.-ի մայիսին ստեղծված ՀԱՊԿ մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստայնը, Ռուսաստանի, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ խորհրդարանը վավերացրել է մի շարք համաձայնագրեր, որոնց համաձայն՝ ՀԱՊԿ անդամ-երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա դրվում են ռազմաքաղաքական և ռազմատնտեսական պարտավորություններ:

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ ՀԱՊԿ շրջանակներում նոր համաձայնագրերն առավել ակտիվ են կնքվել կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամանակ (2008-2009 թթ.): Նման համաձայնագրերի թվում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, մասնավորապես, ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման մասին պայմանագիրը, ինչը դարձավ համագործակցության նոր ձևաչափի սկիզբ:

Միաժամանակ Կարապետյանը նշեց, որ 2002 թ.-ից ի վեր Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրագործում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP) և չլինելով Դաշինքի անդամ՝ իր վրա է վերցրել մի շարք պարտավորություններ, մասնավորապես, Զինված ուժերի քաղաքական ծառայության համակարգի ներմուծման, ԶՈւ-ում հասարակական վերահսկման, Ոստիկանության մարմինների բարեփոխման պայմանավորվածությունները:

Հայ խորհրդրարանականն ասաց, որ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկվել են հանրապետության և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

«Այդ պատճառով պետք չէ հակադրել համագործակցության այդ երկու ոլորտները: Կարելի է ասել, որ նման համագործակցությունը նույնիսկ փոխլրացնում է միմյանց», - ընդգծեց Կարապետյանը:-0-