Ղազախստանը անաչառ դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում, ասաց Հայաստանում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նուրբոլաթ Ալիմբաևը:
«Ղազախստանը միշտ չեզոք դիրք է զբաղեցնելու և պայմաններ է ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի լիարժեք աշխատանքի համար», - չորեքշաբթի լրագրողներին ասաց Ալիմբաևը՝ «ԵԱՀԿ-ում Ղազախստանի Հանրապետության կայանալիք նախագահությունը. հնարավորություններ և հեռանկարներ» թեմայով սեմինարի շրջանակներում:
Ալիմբաևը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության պես խնդրի լուծումը «ոչ մեկ ժամվա կամ օրվա և ոչ էլ միայն երկու երկրների հարց է»:
«Այդ խնդիրն ունի տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ԵԱՀԿ ողջ տարածքի համար: Մենք շարունակելու ենք շարժվել նախկին ուղղվածությամբ, չենք միջամտելու տարածաշրջանի խնդիրներին, սակայն եթե առաջարկներ ստացվեն Հայաստանի կամ այլ պետությունների և այդ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ երրորդ կողմերի կողմից, ապա մեք կքննարկենք աջակցության ցուցաբերման հնարավորությունը», - ասաց ղազախ դիվանագետը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-