Ադրբեջանը Հայաստանի հետ սկսել է խոսել վերջնագրի լեզվով. Դաշնակցություն

24.11.2009, 16:09
Ադրբեջանը Հայաստանի հետ սկսել է խոսել վերջնագրի լեզվով. Դաշնակցություն
Ադրբեջանը Հայաստանի հետ սկսել է խոսել վերջնագրի լեզվով. Դաշնակցություն

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ Բաքուն Երևանի հետ սկսել է խոսել վերջնագրի լեզվով, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«Տվյալ ռազմատենչ հայտարարությունը ադրբեջանական կողմի հերթական հայտարարություններից չէ, սրան ավելի լուրջ պետք է վերաբերվել: Սա վերջնագիր է»,- ասաց խորհրդարանականը:

Հովհաննիսյանի կարծիքով, նման հայտարարությունից հետո ՀՀ նախագահը չպետք է մեկներ Մյունխեն, այլ պետք է հայտարարեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, որ Հայաստանը չի ցանկանում շարունակել բանակցել մի երկրի հետ, որն իրեն վերջնագիր է ներկայացնում:

Մեկնաբանելով հայկական կողմի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից բանակցային գործընթացի տապալման դեպքում Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն, խմբակցության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ-ի ճանաչմամբ խնդիրը չի լուծվի:

«ԼՂՀ-ի ճանաչումը խնդրի միայն մասնակի լուծում է, այլ ոչ թե ամենակարևոր: Նշանակությամբ առաջնայինը Ղարաբաղի վերադարձն է բանակցությունների սեղանի շուրջ, երկրորդը՝ ԼՂՀ գոնե մասնակի միջազգային ճանաչումը»,- ընդգծեց Հովհաննիսյանը:    

Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի է ունեցել 2009 թ.-ի նոյեմբերի 22-ին Մյունխենում: Հանդիպման արդյունքում նախագահները հանձնարարել են իրենց երկրների արտգործնախարարներին շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-