ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացասական է վերաբերվում Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին

24.11.2009, 15:54
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացասական է վերաբերվում Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը բացասական է վերաբերվում Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բացասական է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին:

«Ինչպե՞ս կարող եմ վերաբերվել պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին, իհարկե՝ բացասաբար»,- Բորդյուժան ասել է լրագրողներին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները մյունխենյան հանդիպման նախաշեմին:

Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը նվիրված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի է ունեցել 2009 թ.-ի նոյեմբերի 22-ին Մյունխենում: Հանդիպման արդյունքում նախագահները հանձնարարել են իրենց երկրների արտգործնախարարներին շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Երբ ես կարդացի այդ տեղեկատվությունը, մտածեցի, որ եվրոպական անվտանգության մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանգրի ստորագրման անհրաժեշտության վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը շատ ժամանակին է, և այն, որ մենք պետք է քաղաքական բնույթի ցանկացած խնդրի առնչությամբ ուժային լուծումների հնարավորությունը բացառող պայմանագիր ունենանք, այսօր արդեն բացարձակ ճշմարտություն է»,- ասել է Բորդյուժան:  

«Ես նախկին զինվորական են, մի մարդ, որը եղել է թեժ կետերում և տեսել արյուն, ես գիտեմ, թե դա ինչ է: Տխուր է, որ 90-ականների քաղաքական գործիչները հեռանում են, նրանք, ովքեր իրենց քաղաքական փորձում զգացել են իրավիճակի ողջ սարսափը, երբ հակամարտությունները փորձել են արդյունով ավարտել: Ես մեծ  հույս ունեմ, որ դա ընդամենը Հայաստանի հետ Ղարաբաղի հարցով համաձայնագրի հասնելու խթանմանն ուղղված հայտարարություն է եղել, և ոչ ավելին»,- ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կտրականապես բացասաբար է վերաբերվում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություններին վերաբերող ցանկացած հայտարարության:

Ընդ որում նա կարծում է, որ հատկապես վերջին շրջանում կարգավորման գործընթացն ակտիվացել է, միայն այս տարվա ընթացքում նախագահները վեց անգամ հանդիպել են:

«Առայժմ հանդիպումների ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունները նպատակադրված են այս չափազանց բարդ խնդրին երկու կողմի համար էլ ընդունելի լուծման հասնել, այդ գործընթացը գնում է, և դա ամենակարևորն է»,- ասաց Բորդյուժան:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

-0-