Բողոքի ցույց՝ Թբիլիսիում հայկական փլուզված եկեղեցու համար

23.11.2009, 18:14
Բողոքի ցույց՝ Թբիլիսիում հայկական փլուզված եկեղեցու համար
Բողոքի ցույց՝ Թբիլիսիում հայկական փլուզված եկեղեցու համար

Երևանում կանցկացվի բողոքի երթ` հանդեպ վրաց իշխանությունները և վրաց եկեղեցին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Արարատյան թեմի առաջնորդարանից:

Հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 24-ին` ժ. 14.00-ին, Հանրապետության Հրապարակից դեպի ՄԱԿ և Վրաստանի դեսպանատուն տեղի է ունենալու բողոքի երթ` հանդեպ վրաց իշխանությունները և վրաց եկեղեցին` պահանջով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:

Նոյեմբերի 19-ին, Թբիլիսիում հիմնովին փլուզվեց 13-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:  

Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաև մամուլի միջոցով: Բոլոր դիմումները  Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան: Մուղնեցոց Սուրբ Գևորգը Թիֆլիսի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երևանցոց Սուրբ Մինաս և Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը: Հարկ է նշել, որ սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:

«Կարծում ենք՝ այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի հաշվեկշռում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»,- ասված է հաղորդագրության մեջ:-0-