Հայտնի հայ տենոր Վաննո Թադեոն համերգ կունենա Երևանում

23.11.2009, 15:07
Հայտնի հայ տենոր Վաննո Թադեոն համերգ կունենա Երևանում
Հայտնի հայ տենոր Վաննո Թադեոն համերգ կունենա Երևանում

Հայտնի հայ տենոր, մի շարք եվրոպական օպերաների մենակատար, իսպանաբնակ Վաննո Թադեոն (Վահրամ Թադևոսյան) դեկտեմբերի 14-ին համերգ կունենա Երևանում:

«Այս տարի Հայաստանում իմ հյուրախաղերը նվիրված են մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակին և Հայաստանի անկախության 18-ամյակին: Հաշվի առնելով այս ամենը՝ ծրագրի երկացանկը հագեցած է հայկական դասական ստեղծագործություններով», - ասաց Թադեոն:

Չնայած, որ ծրագրում գերակշռում է հայկական դասական, այդ թվում նաև գործիքային երաժշտությունը, տենորի խոսքերով՝ ծրագրի երկրորդ մասում կկատարվեն նաև ակադեմիական արիաներ համաշխարհային դասական երաժշտական ստեղծագործություններից, օրինակ՝ արիաներ Ջակոմո Պուչինիի «Տոսկա», Վերդիի «Ռիգոլետո» ստեղծագործություններից:

Թադեոն ասաց, որ դասական երաժշտության քարոզչությունը և ոչ միայն մայրաքաղաքի, այլև հանրապետության մարզերի շնորհալի երեխաներին աջակցությունը իր առաջնահերթ խնդիրներից են:

«Ոգևորությունը, որով մարզերի ունկնդիրներն ընդունեցին իմ կատարումը, մասնավորապես, Գյումրիում, որտեղ ես ելույթ եմ ունեցել նախորդ տարի և Վանաձորում, որտեղ արդեն հանդես եմ եկել, ցայտուն արտահայտում է դասական արվեստի նկատմամբ լսարանի սերն ու ձգտումը», - նշեց նա:

Այս ամենը հաշվի առնելով՝ երգիչը նշեց, որ մտադիր է վարպետության դասեր անցկացնել այն քաղաքներում, որոնք կայցելի հյուրախաղերի շրջանակներում, մասնավորապես, Գյումրիում և Վանաձորում:

Տենորի խոսքերով՝ մինի հյուրախաղերի շրջանակներում ինքն արդեն ելույթ է ունեցել Վանաձորում, իսկ նոյեմբերի 28-ին ծրագրված է նրա համերգը Գյումրիում:

Ներկայացնելով սեփական ծրագրերը՝ Թադեոն նշեց, որ ծրագրում է դուետով հանդես գալ էստրադային կատարող Արման Էլբերտի հետ:

«Բացառված չէ, որ մեր համատեղ համերգը տեղի ունենա ՄՀՀ-ում, և ծրագրում կներառվեն Էլթոն Ջոնի ստեղծագործությունները, որոնք հնարավոր է դասել դասական ստեղծագործությունների շարքին», - ասաց նա:

1996 թ.-ին հայտնի տենոր Վաննո Թադեոն հրավիրվել է Բարսելոնա և ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա-ի աջակցությամբ մասնակցել Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթին, արժանացել դիպլոմի և Ջ. Վերդիի անվան մրցանակի: Վերջին ութ տարին Վաննո Թադեոն ապրում է Իսպանիայում՝ ելույթ ունենալով եվրոպական քաղաքների բեմերում:-0-