Հայերը ռուսական հեռուստատեսությունում առանձնանում են իրենց վառ կերպարով. «ՏՎ Ցենտր» ԲԲԸ պրոդյուսեր

16.11.2009, 18:28
Հայերը ռուսական հեռուստատեսությունում առանձնանում են իրենց վառ կերպարով. «ՏՎ Ցենտր» ԲԲԸ պրոդյուսեր
Հայերը ռուսական հեռուստատեսությունում առանձնանում են իրենց վառ կերպարով. «ՏՎ Ցենտր» ԲԲԸ պրոդյուսեր

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայերը ռուսական հեռուստատեսությունում առանձնանում են իրենց վառ կերպարով, ասաց «ՏՎ Ցենտր» ԲԲԸ գլխավոր պրոդյուսեր, գլխավոր տնօրենի տեղակալ, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ Ալեքսանդր Օլեյնիկովը:   

«Ռուսական հեռուստատեսությունը ռուս-հայկական նախագիծ է... Հայաստանի ներկայացուցիչների գլխավոր արժանիքը ռուսական հեռուստատեսությունում վառ անհատականությունն է»,- ասաց նա երկուշաբթի Երևանի պետական համալսարանում ռուսական հեռուստատեսության օրերի պատվիրակության անդամների և  հայ ուսանողության հանդիպման ժամանակ:

Օլեյնիկովն ասաց, որ «ում մասին էլ խոսենք, լինի դա Պետրոսյանը, Քյոսայանը, Մարտիրոսյանը, Գալուստյանը, նրանք բոլորը չափազանց վառ անհատականություններ են, որոնք միանգամից պայթյուն են առաջացնում»:

«Նրանց կարելի է ատել, չսիրել, սակայն միակ բանը, որ հնարավոր չէ անել, նրանց չնկատելն է: Նրանք կան»,- ընդգծեց նա:

Հայաստանում նոյեմբերի 16-19-ը ռուսական հեռուստատեսության օրեր են անցկացվում: Ռուսական պատվիրակության կազմում են Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերի հատուկ ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյը, Ռուսաստանի Առաջին ալիքի Լրատվական ծրագրերի տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Կիրիլ Կլեյմենովը, մեկնաբան Անդրեյ Կոնդրաշովը, հեռուստահաղորդավարուհի Արինա Շարապովան, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

Պատվիրակության այցի ընթացքում ծրագրվում է «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և հայկական չորս առաջատար հեռուստաալիքների՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության, Հայկական երկրորդ հեռուստաալիքի, ինչպես նաև «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքների միջև «Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի» ստորագրում:-0-