Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակն է նշվել Թբիլիսիում

13.11.2009, 20:01
Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակն է նշվել Թբիլիսիում

Հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի 140-ամյակին նվիրված երեկո է անցկացվել Վրաստանի «Կովկասյան տուն» մշակութային համագործակցության կենտրոնում, ուրբաթ տեղեկացնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջոցառման կազմակերպիչներն են Կովկասյան տունը, Վրաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը։

Դիմելով ներկաներին` Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանն ընդգծել է հայ մշակույթում կոմիտասյան ոգու և արժեքների պահպանման կարևորությունը:

Կոմիտասի անգնահատելի ժառանգությանը, ժողովրդի ճակատագրի հետ նրա կյանքի ու գործունեության միասնականությանն անդրադարձել է Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Կոմիտասի  ստեղծագործական կյանքի առանձին դրվագների մասին է պատմել երաժշտագետ Մառա Կիրակոզովան, իսկ նրա ապրած դարաշրջանի ամփոփ պատկերը ներկայացրել է պատմաբան Կարեն Հովհաննիսյանը:

Երեկոյի ընթացքում ելույթ են ունեցել Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի երգչախումբը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասան Սամվել Էլբակյանը, լարային քառյակը,  դաշնակահար Եսայի Աբովյանը, ջութակահարներ Գալինա Բանդուրայը և Անատոլի Դանելյանը կոմիտասյան կատարումներով:

Մասնակիցները ծանոթացել են նաև վրացի նկարչուհի Նինո Պիրցխալաիշվիլու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թեմաներով արված աշխատանքների ցուցահանդեսին:

Երեկոյին մասնակցել են Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ, մշակույթի գործիչներ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոմիտասը (Սողոմոն Գեւորգի Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում։

1890 թվականին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ։ 1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։           

Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու:

Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին:

1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին

1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս, որտեղ կազմակերպում երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»:

Կոմիտասը մահացել է 1935 թվականի հոկտեմբերի 22-ին Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում։ --0--