Թուրքիան ամեն դեպքում կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. փորձագետ

11.11.2009, 14:24
Թուրքիան ամեն դեպքում կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները. փորձագետ

Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները՝ չնայած անգամ ղարաբաղյան հակամարտության չկարգավորավծությանը, կարծում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Շատերը կարծում են, որ այսօր հայ-թուրքական գործընթացի շրջանակներում լուծվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Սակայն այսօրվա դրությամբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ  լուծվում է գլոբալ և տարածաշրջանային իմաստով շատ կարևոր մի հարց», - չորեքշաբթի ասաց նա լրագրողներին:

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը կարևոր է ոչ այնքան առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորման հնարավորության տեսակետից, որքան փոխադարձ պատմական խնդիրների համատեղ լուծման համար:

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները 2009 թ.-ի կեսերից մինչև 2010 թ.-ի սկիզբն ընկած ժամանակահատվածում:

Միաժամանակ «արձանագրությունների վավերացումից հետո Թուրքիան չի խախտի պայմանագրային պայմաններն ու կբացի սահմանը երկու ամիս անց»:

Փորձագետը կարծում է, որ վավերացումը կարող է տեղի չունենալ ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում, օրինակ, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչը քիչ հավանական է:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-