Ռուսական կայունացնող վարկի միջոցներով Գյումրիում 2300 բնակարան կկառուցվի

09.11.2009, 13:36
Ռուսական կայունացնող վարկի միջոցներով Գյումրիում 2300 բնակարան կկառուցվի
Ռուսական կայունացնող վարկի միջոցներով Գյումրիում 2300 բնակարան կկառուցվի

Ռուսական կայունացնող վարկի ընդհանուր ծավալից շուրջ 56,8 միլիոն դոլարը 2010թ.-ին կուղղվի 1988թ.-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակարանների կառուցմանը, երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

«Ռուսական վարկի միջոցների հաշվին ծրագրվում է Գյումրիում կառուցել 2300 բնակարան, ընդ որում առաջնահերթ ընտրվել են Մուշ և Անի թաղամասերը», - ասաց նախարարը:

Բացի այդ, Վարդանյանը նշեց, որ նախատեսվում է 182 բնակարան կառուցել Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, ևս 226 տուն՝ մի շարք այլ գյուղերում:

«Սպիտակ քաղաքում ծրագրվում է կառուցել 354 բնակարան, իսկ Լոռու մարզի գյուղական համայնքներում՝ 1821 տուն», - տեղեկացրեց նախարարը:

Ռուսաստանը 2009 թ.-ի հունիսի 12-ին մեկ տրանշով ՀՀ Կենտրոնական բանկի հաշվին փոխանցել է 500 միլիոն դոլարի կայունացնող վարկ, որը տրամադրվել է LIBOR գումարած 3 տոկոս արտոնյալ դրույքով՝ ճգնաժամի պայմաններում երկրի տնտեսությանն աջակցելու նպատակով:-0-