Երիտասարդ ռեժիսորների փառատոն՝ Երևանում

06.11.2009, 17:11
Երիտասարդ ռեժիսորների փառատոն՝ Երևանում
Երիտասարդ ռեժիսորների փառատոն՝ Երևանում

Երևանում նոյեմբերի 8-18-ը երիտասարդ ռեժիսորների թատերական փառատոն կանցկացվի, հայտնեց «Թատրոն» ամսագրի գլխավոր խմբագիր Սոննա Մելոյանը:

«Փառատոնը կանցկացվի արդեն չորրորդ անգամ: Այս տարի կներկայացվի 14 ներկայացում՝ ի տարբերություն անցյալ տարվա 11-ի»,- ասաց Մելոյանը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ:  

Նրա խոսքերով, փառատոնին կներկայացվեն երիտասարդ հեռանկարային ռեժիսորներ Սարգիս Մանուկյանի, Կարաեն Խաչատրյանի, Կարապետ Բայանի, Գոհար Փոքրիկյանի, Զարուհի Անտոնյանի, Գրիգոր Խաչատրյանի, Գուժ Թադևոսյանի աշխատանքները:
 
«Նրանց տարիքը 35 տարին չի գերազանցում, բացառություն է կազմում միայն Կարեն Խաչատրյանը: Չնայած տարիքին, նա առաջին անգամ է ռեժիսուրայում ուժերը փորձում»,- նշեց նա:

Մելոյանն ասաց, որ փառատոնի մասնակից ռեժիսորները աշխատում են տարբեր ժանրերում: «Հայաստանի թատերական միջավայրում հետաքրքիր նորույթ է Մատների թատրոնը, որը ներկայացնում է երիտասարդ ռեժիսոր Զառա Տոնոյանը»,- ասաց նա:
  
Ներկայացումներից հետո, յուրաքանչյուր երկու օրը մեկ Թատերական գործիչների միությունում կկազմակերպվեն քննարկումներ, որտեղ իրենց կարծիքը բեմադրությունների մասին կարտահայտեն ոչ միայն հայտնի թատերական գործիչները, այլև սովորական հանդիսատեսը:

Փառատոնին ներկայացված են նաև Գյումրու և Վանաձորի թատրոնները, որոնք մասնակցում են արդեն երրորդ տարին:

Առաջին անգամ թատրոնի երիտասարդ ռեժիսոր-բեմադրիչների փառատոնն անցկացվեց 2006թ.-ին Երևանում: Փառատոնի գլխավոր նպատակը երիտասարդ ռեժիսորների բեմադրությունների ներկայացումն ու նոր անունների հայտնաբերումն է: -0-