Հայաստանը երբեք Թուրքիայի հետ միակողմանի զիջումների չի գնա. ՀՀԿ

06.11.2009, 16:19
Հայաստանը երբեք Թուրքիայի հետ միակողմանի զիջումների չի գնա. ՀՀԿ
Հայաստանը երբեք Թուրքիայի հետ միակողմանի զիջումների չի գնա. ՀՀԿ

Հայաստանը երբեք չի համաձայնի Թուրքիայի վարած նախապայմանների քաղաքականության հետ և երբեք Թուրքիայի հետ միակողմանի զիջումների չի գնա, ուրբաթ լրագրողներին հայտնեց «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցը գերխնդիր չէ, և մենք հայ-թուրքական սահմանն ամեն գնով բացելու նպատակ չունենք։ Հարցը միայն այն է, որ մենք քաջ գիտակցում ենք, որ 21-րդ դարում տարածաշրջանում փակ սահմաններով անհնար է արդյունավետ հարաբերություններ զարգացնել երկրների միջև»,- ասաց Շարմազանովը։

Ըստ նրա, դեկտեմբերի 7-ին Թուրքիայի խորհրդարանի (Մեջլիսի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պետք է վերջնական պատասխան տա խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների հետագա քննարկման և վավերացման վերաբերյալ։

«Եթե այդ Հանձնաժողովի որոշումը բացասական լինի, և արձանագրությունները չներկայացվեն խորհրդարանի դիտարկմանն, ապա կնշանակի, որ երկկողմ հարաբերությունների բարելավման գործընթացը դադարեցվել է»,- ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը։

Շարմազանովը նշեց, որ նույն օրը Վաշինգտոնում հանդիպում է նախատեսվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի միջև, որի ընթացքում կքննարկվի, այդ թվում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի ներկայիս վիճակի հարցը։

Միաժամանակ Շարմազանովը ենթադրում է, որ եթե թուրքական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն չտա արձանագրությունների վավերացմանն, ապա Վաշինգտոնի հանդիպումն, ամենայն հավանականությամբ, չեղյալ կհամարվի։

«Սակայն ես ակնկալում եմ, որ թուրքական իշխանությունները հետևողական կլինեն իրենց որոշման մեջ»,- ընդգծեց պատգամավորը։

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0—