Հայաստանը մտադիր է փոխշահավետ համագործակցությունն ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ. ԱԳՆ

05.11.2009, 20:16
Հայաստանը մտադիր է փոխշահավետ համագործակցությունն ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ. ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը մտադիր է փոխշահավետ համագործակցությունն ամրապնդել ՆԱՏՕ-ի հետ, հինգշաբթի ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսի (Robert Simmons) հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, Նալբանդյանն ասել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:

 

Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաև, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաև` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետևանքների վերացման և այլ ուղղություններով:

 

Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարևորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը և հույս հայտնեց, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի:

ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարևորեց Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:-0-