Դեմկուսը Հայաստանի խորհրդարան առաջարկություն է ներկայացրել Հայ-թուրքական արձանագրությունների հուշագրի մշակման վերաբերյալ

05.11.2009, 17:27
Դեմկուսը Հայաստանի խորհրդարան առաջարկություն է ներկայացրել Հայ-թուրքական արձանագրությունների հուշագրի մշակման վերաբերյալ

Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը խորհրդարան առաջարկություն է ներկայացրել հայ-թուրքական արձանագրությունների Հուշագրի մշակման վերաբերյալ, հինգշաբթի լրագրողներին հայտնեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը։

Նախորդ շաբաթ ՀԴԿ-ն առաջարկել է ընդունել հայ-թուրքական ներկայիս սահմանների ճանաչման անհնարինությունը նախատեսող, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դադարեցումը թույլ չտվող, ինչպես նաև դրա հետևանքների վերացման  գործընթացի դրույթներ։

«ՀԴԿ-ն պաշտոնապես տվյալ առաջարկությունը փոխանցել է Հայաստանի Ազգային ժողով։ Առաջիկայում, հավանաբար, առաջարկությունը քննարկման կընդունվի խորհրդարանական հանձնաժողովների կողմից»,- ասաց Սարգսյանը։

Կուսակցության ղեկավարի կարծիքով՝ ՀԴԿ-ի առաջարկած հուշագրի ընդունումը մեծ արդիականություն է ստանում այսօր՝ նկատի առնելով, որ Թուրքիայի ձեռնարկած գործողություններն ակնհայտ վկայում են, որ Թուրքիան մտադիր է  սահմանի բացման հարցը կապակցել ղարաբաղյան խնդրին։ 
 
«ՀԴԿ-ն անհրաժեշտ է համարում հանել արձանագրություններից «երկկողմ պարտավորություններ» արտահայտությունն, ինչպես նաև բացառել «երրորդ պետությունների գործերին չմիջամտելու մասին» կետը, ինչը հետագայում գործնականորեն կզրկի Հայաստանը ԼՂՀ շահերից հանդես գալու հնարավորությունից»,- ասաց Սարգսյանը։

Սարգսյանի կարծիքով՝ ներկայումս Թուրքիան իրեն փակուղի է մտցրել. մի կողմից գերտերությունների ճնշումն է արձանագրությունների վավերացման նկատմամբ, իսկ մյուս կողմից՝ երկրի ներսում առկա բողոքը վավերացման դեմ։

Սակայն քաղաքական գործիչը համոզված է, որ վաղ թե ուշ Թուրքիան կվավերացնի արձանագրությունները, բայց կփորձի հնարավորին չափով հետաձգել այդ գործընթացը, իսկ վավերացումից հետո տարբեր պատճատներով երկարաձգի սահմանի փաստացի բացումը։

«Հայաստանի ամենամեծ շահը, որ նա կարող է ստանալ հայ-թուրքական արձանարգրությունների վավերացման արդյունքում, Թուրքիայի հետ սահմանի բացումն է»,- ասաց Սարգսյանը։
 
Նրա կարծիքով՝ Հայաստանի համար հայ-թուրքական սահմանի բացումը որոշակի տնտեսական շահ է ներկայացնում, բայց միաժամանակ պահպանվում են նաև ազգային անվտանգության հարցերը։