Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

04.11.2009, 18:57
Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 10-ամյակի առիթով իր շնորհավորական ուղերձն է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Իր ուղերձում Կիրիլ Պատրիարքը մասնավորապես նշում է, որ ողջ քրիստոնյա աշխարհին են հայտնի Կաթողիկոսի՝ բազմամիլիոն հայոց Սփյուռքի համախմբմանն ուղղված ջանքերը:

«Դուք ընդունել եք Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի ծառայական լուծը պատմական բարդ ժամանակահատվածում, ինչը պահանջեց Ձեզանից առավելագույն ինքնանվիրում, իմաստություն ու խիզախություն եկեղեցական կյանքի վերածննդի գործում»,- ասվում է ուղերձում։

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի խոսքերով, Կաթողիկոսի  Հովվապետական ծառայության տարիներին մեր Եկեղեցիների ու ժողովուրդների միջև հարաբերությունները հասան որակական մեկ այլ  մակարդակի և ձեռք բերեցին այլ չափանիշներ:

«Մենք զարգացնում ենք աշխույժ երկխոսություն և համագործակցություն ամենատարբեր ոլորտներում, բայց նախևառաջ` ավանդական քրիստոնեական արժեքների պաշտպանության գործում: Հավատում ենք, որ հետայսու ևս, Ձեր ջանքերի շնորհիվ, մեր Եկեղեցիների փոխհարաբերությունները կհատկանշվեն սիրո և եղբայրական փոխըմբռնման ոգով»,- նշվում է հաղորդագրության մեջ։  -0-