Ավելի քան տասը տարի առաջ ուսումը ընդհատած հայ ուսանողները կարող են վերականգնվել բուհերում

27.10.2009, 19:49
Ավելի քան տասը տարի առաջ ուսումը ընդհատած հայ ուսանողները կարող են վերականգնվել բուհերում

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ քննարկել են «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագիծը, ըստ որոնց՝ ճշտվում է ավելի քան տասը տարի առաջ ուսումը ընդհատած հայ ուսանողների վերականգնման կարգը:

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նշեց, որ ավելի վաղ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք կարգավորում են շուրջ տասը տարի առաջ ուսումը ընդհատած հայ ուսանողների բուհերում վերականգնելու կարգը:

Նրա խոսքերով, դրանից հետո նախարարություն սկսեցին դիմել ավելի քան տասը տարի առաջ ուսումը ընդհատած քաղաքացիները, ովքեր ցանկանում են շարունակել ուսումն ու ստանալ բարձրագույն կրթություն:

Ինչպես նշեց փոխնախարարը, այս կատեգորիայի քաղաքացիներին օգնելու նպատակով օրենքում կատարվում են փոփոխություններ, ըստ որոնց՝ ավելի քան տասը տարի առաջ բուհում ուսումը ընդհատած նախկին ուսանողներին հնարավորություն է ընձեռվում վերականգնվել նույն կուրսում (բացառությամբ վերջին կուրսի), եթե առարկաների տարբերությունը, որոնք նրանք պետք է հանձնեն վերականգնման համար, չի գերազանցում ութը առարկան:

Ավետիսյանն ասաց, որ նման պահանջը մտցվում է կրթության պատշաճ որակ ապահովելու համար, որպեսզի բուհում վերականգնված ուսանողների գիտելիքները չտարբերվեն սովորական ուսանողների գիտելիքներից:-0-