ՀՀ խորհրդարանն ընդունել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը

27.10.2009, 14:03
ՀՀ խորհրդարանն ընդունել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը
ՀՀ խորհրդարանն ընդունել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման մասին օրենքը

ՀՀ ԱԺ պատգամավորները երեքշաբթի նիստի ժամանակ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել են «Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի (բլոկերի) կառուցման մասին» օրինագիծը:

Ինչպես խորհրդարանի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, օրինագիծը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորությամբ նոր ատոմային էներգաբլոկի (բլոկերի) կառուցման հնարավորությունը, որի շահագործման ժամկետը կկազմի 60 տարի:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խոսքերով՝ փաստաթղթով նաև սահմանվում են նման օբյեկտների կառուցման համար նախատեսված տարածքի և բլոկի (բլոկերի) պատրաստման, կառուցման, շահագործման և անվտանգության նկատմամբ հիմնական պահանջները, սահմանվում են իրականացվող աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելու ՀՀ կառավարության պարտավորությունները:

Միաժամանակ Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար, նախնական տվյալներով, կպահանջվի շուրջ 4-5 միլիարդ դոլար, իսկ կառուցման հստակ արժեքը կախված է էներգաբլոկի հզորությունից և հայտնի կդառնա անհրաժեշտ բոլոր ուսումնասիրությունների ավարտից հետո:

Նախարարն ընդգծեց, որ նոր էներգաբլոկի (բլոկերի) կառուցումը երկրի համար առանձնահատուկ նշանակություն կունենա՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում Հայաստանի հարևան պետություններն էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունեն, իսկ Հայաստանը միակ երկիրն է, որը կարող է էլեկտրաէներգիա արտադրել ոչ միայն սեփական պահանջները բավարարելու, այլ նաև արտահանման համար:

Նախարարի խոսքերով՝ 1-1,2 հազար ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկի պատրաստման և կառուցման գործընթացի ճիշտ կազմակերպման դեպքում նախագծի ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չեն ծագի:

«Անհրաժեշտ է նշել, որ խոսքը ոչ թե նոր ԱԷԿ-ի, այլ նոր էներգաբլոկի (բլոկերի) կառուցման մասին է», - ընդգծել է նա:

Նախարարը նաև նշեց, որ անցկացված բոլոր նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առավել օպտիմալ տարբերակ է նոր էներգաբլոկի (բլոկերի) կառուցումը՝ գործող հայկական ԱԷԿ-ի հիման վրա, առավել ևս, որ նրա հզորությունը 400 ՄՎտ- է այն դեպքում, երբ կայանի տարածքը նախատեսում է 1,2 հազար ՄՎտ հզորությամբ բլոկի շահագործման հնարավորություն:

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը:--0—