Եվրոպան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը

27.10.2009, 11:52
Եվրոպան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը

Եվրոպան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունից, այդ մասին հայտարարվել է նախօրեին Լյուքսեմբուրգում կայացած Հայաստան-ԵՄ համագործակցության Խորհրդի 10-րդ նիստի ընթացքում։  

Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Ավետ Ադոնցը, արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, այլ պաշտոնատար անձինք, գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը։ Պետվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների և ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Դիեգո Լոպեզ Գարիդոն, եվրոպական տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Եվրոպական կողմը կարևորեց հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների արձանագրությունների արագ վավերացումը և դրանց իրագործումն առանց նախապայմանների»,- ասվում է հաղորդագրությունում։

Մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նիստին քննարկվեցին նաև Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր:

Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասաց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, և պաշտոնական Երևանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:

Հայաստանի արտգործնախարարը կարևորեց բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:

Հայաստանի էկոնոմիկայի և արդարադատության փոխնախարարները տեղեկացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունների ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարևորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առևտրի խորացված և համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:  -0-