Հայաստանի արտաքին գործերի նախարարը ղարաբաղյան կարգավորման հարցերը քննարկեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

27.10.2009, 10:34
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ղարաբաղյան կարգավորման հարցերը քննարկեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարը ղարաբաղյան կարգավորման հարցերը քննարկեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին Լյուքսեմբուրգում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը»,- տեղեկացնում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը։  

Նալբանդյանը Լյուքսեմբուրգում էր գտնվում Հայաստան-ԵՄ համագործակցության Խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:--0—