Հայաստանը կդառնա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին միացած 43-րդ երկիրը

26.10.2009, 16:20
Հայաստանը կդառնա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին միացած 43-րդ երկիրը
Հայաստանը կդառնա Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին միացած 43-րդ երկիրը

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է Բրատիսլավայում (Սլովակիա) կայացած ՄԱԱՈՒ ձևաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը, տեղեկացնում է հայկական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է նիստին որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար։
  
«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ Հայաստանը, որպես Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկիր, նման միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ. փաստ, որի շնորհիվ Աֆղանստանում իրականացվող գործողություններին ուժեր տրամադրող երկրներն այժմ կլինեն թվով 43-ը»,- ասվում է հաղորդագրությունում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է գործողությունների ընթացքում շարունակել սերտ երկխոսությունն ու համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակից երկրների պաշտպանության նախարարները համաձայնել են Աֆղանստանի համար նախատեսված անցումային ռազմավարությանը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ գործողությունների ընթացքում աֆղան ժողովրդի կարողությունների օգտագործման, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորման, կառավարման բարելավման և Աֆղանստանի հարևանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ում հայկական առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպմանը հայտարարել է, որ հայ զինծառայաղները կներգրավվեն Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի առաքելությունում։

Դեսպանն ընդգծել է, որ հայկական կողմը կարևորում է ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղապահ գործունեության մասնակցությունը, և առաջիկայում հայ զինծառայողները կներգրավվեն ISAF առաքելությունում։ -0-