Օլիմպիական Սոչիին հետաքրքրել են հայ շինարարներն ու շինանյութերը. Սոչիի քաղաքային ժողովի նախագահ

23.10.2009, 18:37
Օլիմպիական Սոչիին հետաքրքրել են  հայ շինարարներն ու շինանյութերը. Սոչիի քաղաքային ժողովի նախագահ
Օլիմպիական Սոչիին հետաքրքրել են  հայ շինարարներն ու շինանյութերը. Սոչիի քաղաքային ժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտմեբերի. /Նովոստի-Արմենիա/. Հատկապես հաշվի առնելով 2014 թվականի ձմեռային օլիմպիադան՝ Օլիմպիական Սոչիին հետաքրքրել են հայ շինարարներն ու շինանյութերը, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վալերի Պոդպովետնին՝ «Պանարմենիան Էքսպո-2009» արդյունաբերական համահայկական ցուցահանդեսի բացման ընթացքում։

«Պանարմենիան Էքսպո-2009» երրորդ արդյունաբերական համահայկական ցուցահանդեսն անցկացվում է հոկտեմբերի 23-25-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ներկայում մենք հզոր շինարարություն ենք ծավալել, և մեզ հետաքրքրել են հայ շինարարները, քանի որ մենք մոտավորապես նույն լեռնակլիմայական պայմաններն ունենք»,- նշեց նա։

Պոդպովետնին նշեց, որ մի քանի հայկական ընկերություններ արդեն աշխատում են Սոչիում, և նրանց պատվիրակության ժամանման նպատակն է՝ տեսնել այն հնարավորությունները, որոնք ներկայում կան Հայաստանում, և մասնավորապես, ծանոթանալ շինանյութերի հետ և տեսնել քարամշակողների աշխատանքը։

«Պետք է արժանին մատուցել, Հայաստանում գիտեն, ինչպես է պետք աշխատել քարի հետ»,- ընդգծեց նա։

Քաղաքային ժողովի նախագահը նշեց, որ իրենց ժամանումը կազմակերպվել է խորհրդարանի և Առևտրաարդյունաբերական պալատի գծով։

Նա ավելացրեց, որ մեկ տարի առաջ Սոչի է ժամանել Հայաստանի փոքր և միջին բիզնեսը ներկայացնող հայ ձեռնարկատերերի 50 հոգուց բաղկացած պատվիրակությունը։

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում փոքր և միջին բիզնեսին, և սերտորեն համագործակցում ենք մեր հայ գործընկերների հետ լայն սպառման ապրանքների իրացման, ծառայությունների տրամադրման և այլ հարցերում»,- ասաց Պոդպովետնին։
 
Քաղաքային ժողովի նախագահը հատուկ նշեց նաև այն կարևոր դերը, որ խաղում է բազմազգ Սոչիի կյանքում՝ իր թվով ամենամեծը համարվող հայկական սփյուռքը։

«Մենք ապրում ենք բարեկամաբար։ Բայց սփյուռքահայության հետ մեր հարաբերությունները հատուկ են՝ նրանք աշխատասեր մարդիկ են»,- ասաց նա։

2009 թվականի մարտին ՌԴ կառավարությունը Օլիմպիական օբյեկտների կառուցման աշխատանքներին մասնակցելու հրավիրեց ԱՊՀ երկրները։ Հայաստանի Հանրապետությունն առաջիններից էր, որ արձագանքեց Ռուսաստանի հրավերին և առաջարկեց ԲԱՄՕ ընկերությունը Հայաստանի Հանրապետությունից՝ ազգային ոճով «Արմենիա» հյուրանոցային համալիրի կառուցման նախագծի իրականացման համար։ -0-