ՀՀ ԱԳՆ պնդում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան

22.10.2009, 17:56
ՀՀ ԱԳՆ պնդում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան
ՀՀ ԱԳՆ պնդում է, որ հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան

Հայաստանի ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի ղեկավար Տիգրան Բալայանն ընդգծել է, որ հայ-թուրքական ստորագրված արձանագրություններում երկկողմ հարաբերությունների հաստատման համար որևիցե նախապայման չկա, և հայկական կողմն առաջնորդվելու է այդ փաստով:

Այս մասին Բալայանն ասել է՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, թե Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն իր ելույթներում իբրև թե հնչեցրել է նախապայմաններ երկկողմ հարաբերությունների նորմալացման համար:

«Հայ-թուրքական համաձայնություններն արտացոլված են հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններում, որտեղ որևիցե նախապայման չկա, և մենք առաջ ենք ընթանալու արձանագրությունների դրույթների հետ համահունչ»,- Բալայանի խոսքերը մեջբերեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Ստորագրումից հետո երկու ամսվա ընթացքում փաստաթղթերը պետք է ներկայացվեն խորհրդարաններին վավերացման համար:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ -0-